Նորություններ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ 33 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ
17.11.2014

Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ՙՄինսկի ազատագրման 70-ամյակի՚ հոբելյանական մեդալով եւ շնորհակալագրով պարգեւատրեց Հայրենական մեծ պատերազմում Բելառուսի ազատագրական մարտերին մասնակից 20 վետերանների և ևս 13 վետերանների` արդեն հետմահու: Պարգեւները հանձնելուց առաջ դեսպան Ստեփան Սուխորենկոն վետերաններին փոխանցեց բելառուս ժողովրդի և երկրի ղեկավարության շնորհակալությունը`ազատագրական պայքարում ներդրած մեծ ավանդի համար, նշելով, որ միջոցառումը կրում է ավանդական բնույթ և կրկնվում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
ՙՄինսկի ազատագրման օրը՝ 1944 թվականի հունիսի 3-ը, Բելառուսում նշվում է որպես պետական տոն: Գերմանաֆաշիստական օկուպացիան ծանր հարված էր մեր երկրի համար: Երկրորդ աշխարհամարտից հետո պարզվեց, որ օկուպացիայի երեք տարիների ընթացքում ամենատարբեր պատճառներով զոհվել կամ մահացել է յուրաքանչյուր երրորդ բելառուսը: Ուստի մեր ժողովուրդը եւ երկրի ղեկավարությունը մեծապես շնորհակալ են այն վետերաններին, դահլիճում նստածներիդ, ովքեր ավանդ են ունեցել մեր երկրի ազատագրման գործում՚,-նշեց դեսպանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին վետերաններին կամ նրանց հետնորդներին հանձնեց դրամական պարգեւ:
ՙՔանի դեռ կա վերջին վետերանը, Հայրենական մեծ պատերազմի պատմությունը չի աղավաղվի: Թեեւ Արեւմուտքի պատմաբանները գրում են, թե Երկրորդ աշխարհամարտի ելքը վճռվել է Լա-Մանշում, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ Հայրենական մեծ պատերազմը մեզ համար սկսվել է Բրեստում եւ ավարտվել Բեռլինում, որտեղ ֆաշիզմին պարտության եք մատնել դուք՝ սովետական զինվորներդ՚,-իր շնորհավորանքի ու շնորհակալական խոսքը շարունակեց դեսպան Սուխորենկոն: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պարգեւատրված վետերաններին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը.ՙՀայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն բանի համար, որ Մեծ հայրենականում բարձր եք պահել հայ զինվորի, հայ ժողովրդի պատիվը: Ձեր կռած հաղթանակը ոգեշնչեց ձեր զավակներին, որ նրանք Արցախն ազատագրեցին կենաց-մահու պայքարում: Ձեր օրինակն այսօր էլ ոգեւորիչ է ձեր թոռների ու ծոռների համար՚,-վետերաններին դիմեց Գեղարքունիքի մարզպետը: