Նորություններ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
13.11.2014

Նոյեմբերի 12-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ,,Էրեբունի բժշկական կենտրոն,,ՓԲԸ միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, նպատակ ունենալով բարձրացնել մարզի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունն, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի բնակչությանն հասցնել մարզի բժշկական ծառայություններում չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Համաձայն հուշագրի կողմերը պարտավոր են.
1. Հաստատել արդյունավետ և բազմակողմանի համագործակցություն` սույն հուշագրով սահմանված նպատակների և խնդիրների իրագործման համար:
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի ընտրված աշխատակիցների մասնակցությունը Գեղարքունիքի մարզի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը:
3. Երկկողմանի համաձայնեցված կերպով մշակել ժամանակացույց` Գեղարքունիքի մարզում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման միջոցառումներին ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,,ՓԲԸ-ի` ընտրված աշխատակիցների մասնակցության համար:
4. Հուշագրով նախատեսված համագործակցությունը կազմակերպել առավելագույնս արդյունավետ`ելնելով Գեղարքունիքի մարզի բնակչությանը բարձրակարգ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիությունը երաշխավորելու սկզբունքից:
Հուշագրի վավերացումից հետո ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի տնօրինությունը մարզի բուժաշխատողներին ներկայացրեց համագործակցության հետ առնչվող մանրամասներ: Տնօրեն Արթուր Ռոստոմյանի խոսքով համապատասխան պայմանագրեր ունեցող մասնագետները մարզ կայցելեն, ելնելով տեղի բնակչության կողմից համապատասխան բուժհիմնարկներ ներկայացրած պահանջարկից: Պլանային, ոչ բարդ վիրահատությունները կամ բուժումները կենտրոնի մասնագետների կողմից կկազմակերպվի մարզում, տեղի բուժհիմնարկներում մատուցվող ծառայությունների գներին համապատասխան: Սուր և հրատապ խնդիրների դեպքում մասնագետը անմիջապես կգործուղվի մարզ` բուժօգնությունը կազմակերպելու համար, իսկ բարդ խնդիրների դեպքում հիվանդը կտեղափոխվի ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրենի հավաստմամբ մարզի բնակչության բուժումը կազմակերպելու ընթացքում հաշվի կառնվի սոցիալական մի շարք իրավիճակներ, քննարկվում է նաև հիվանդին հնարավորինս մատչելի գներով մայրաքաղաք տեղափոխելու խնդիրը: Բացի բուժական դեպքերը մարզի նեղ մասնագետ բուժաշխատողները ըստ իրենց կողմից ներկայացված պահանջարկի, ինչպես տեղում այնպես էլ ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնում դասընթացների միջոցով կծանոթանան մասնագիտական նրբություններին ու նորամուծություններին` անվճար հիմունքներով, տեղեկացրեց կենտրոնի գործադիր տնօրենը: Հանդիպումը մարզի բուժաշխատողների հետ եզրափակեցին ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի հինգ նեղ մասնագետները` դասընթացների միջոցով: