Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ ՄԱՆՐԱՁԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

12.11.2014

Սեւանա լճի տեղածին ձկնատեսակաների պահպանության եւ վերարտադրության ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում լիճ բաց թողնվեց 5 գրամանոց 200 հազար ՙԱմառային իշխան՚ եւ 167 հազար ՙԳեղարքունի՚ տեսակի մանրաձուկ: Միջոցառմանը մասնակցում էին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՙՍեւան ազգային պարկ՚ ՊՈԱԿ եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Մանրաձուկը ձեռք է բերվել ՙԱրեւաձուկ՚ ՍՊԸ եւ ՙԱնգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ՚ ԲԲԸ ձկնաբույծներից` պետգնումների գործող ընթացակարգի համաձայն: Ինչպես ԶԼՄ-ներին ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սեւանա լճի տեղածին ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրերը պետության կողմից կշարունակվեն նաեւ առաջիկա տարիներին: Սակայն մոտ ապագայում շեշտը դրվելու է տեղում ձկնաբուծարան կառուցելու եւ մանրաձուկ ստանալու քաղաքականության վրա, այն հաշվով, որ ոչ թե մանրաձուկը տեղափոխվի հեռավոր մարզերից, այլ արտադրվի տեղում եւ գետից միանգամից բաց թողնվի լիճ: Անդրադառնալով ապօրինի ձկնորսության դեմ պայքարի կազմակերպման հետ կապված խնդիրներին` նախարարը նշեց, որ հարկավոր է միահամուռ ուժերով պայքարել ապօրինի ձկնորսության դեմ` մանավանդ սիգի ձվադրության շրջանում, որը սկսվում է նոյեմբերի երրորդ տասնօրյակից: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն, անդրադառնալով Սեւանի տեղածին ձկնատեսակների վերարտադրության, պահպանման ու զարգացման հետ կապված խնդիրներին, նշեց, որ Գեղարքունիքի մարզում ժամանակակից ձկնաբուծարանի կառուցումը կատարվելու է պետական ծրագրով եւ լուծելու է ինչպես մայրական կազմի ստեղծման, այնպես էլ մանրաձկան արտադրության հետ կապված խնդիրները:ՙՄինչեւ այս տարվա վերջ լուծված կլինեն հողհատկացման հետ կապված բոլոր խնդիրները, իսկ շինարարական աշխատանքները կընթանան 2015 թվականից: Ցանցավանդակներում կաճեցվեն միայն նորակառույց ու ժամանակակից ձկնաբուծարանում ստացված տեղածին ձկնատեսակները: Իսկ նրանք, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, իրենց փորձով պիտանի կլինեն ձկան վերարտադրության կազմակերպման եւ այլ խնդիրներում՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Մանրաձկան բացթողնման տարածքում, համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի, ՙՍեւան Ազգային պարկ՚ ՊՈԱԿ աշխատակիցների կողմից 3 օրով սահմանված է շուրջօրյա հսկողություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06