Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

05.11.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Վարդենիսի տարածքի համայնքներ, որտեղ նա եղավ կրթական եւ առողջապահական հաստատություններում, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, համակարգերում առկա հիմնախնդիրներին, զրուցեց մանկավարժների եւ բուժաշխատողների հետ, համայնքապետարանների աշխատակազմերի, ավագանու անդամների եւ բնակիչների հետ քննության առավ առկա հիմնախնդիրները, առաջիկա հրատապ անելիքները, տվեց մի շարք հանձնարարականներ: Ծափաթաղում մարզի ղեկավարը հրատապ համարեց դպրոցական շենքի ներքին հարդարման աշխատանքները և հնարավորության դեպքում դպրոցում կենտրոնացված ջեռուցման համակարգ անցկացնելը: Բուժկետում կարևորվեց էլեկտրաէներգիա եւ ջեռուցում ապահովելու, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցման հետ կապված խնդիրները: Փամբակում քննարկվեց հիմնանորոգված մանկապարտեզի հետագա գործունեությունը նախակրթարանի կարգավիճակով շարունակելու խնդիրը, որն ըստ Ռաֆիկ Գրիգորյանի հնարավոր կլինի ՀՀ ԿԳ նախարարության հետ համապատասխան քննարկում կազմակերպելուց հետո: Դարանակում մարզպետը խոստացավ լուծել խմելու ջրատարի 3կմ երկարությամբ արտաքին ցանցի եւ համապատասխան միջոցների առկայության դեպքում նաև ոռոգման համակարգի կառուցման խնդիրները: Բնակիչները բարձրացրին մթերված կաթի դիմաց մթերող կազմակերպության կողմից վճարների ուշացման հետ կապված հարցերը: Ծափաթաղ, Դարանակ եւ Փամբակ համայնքներում մարզպետը խոստացավ համապատասխան հանձնաժողովի եզրակացության արդյունքում իրականացնել արոտների ջրարբիացման ընդհանուր ծրագիր: Արեգունիում առաջ քաշվեցին բուժկետի շենքում էլեկտրաէներգիա եւ ջեռուցում ապահովելու խնդիրը, ինչը Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ կկարգավորվի մոտակա օրերի ընթացքում: Այս համայնքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնաժողովի միջոցով սեփականաշնորհված վարելահողերի կարգերը ճշգրտելու, գյուղի գրադարանը գեղարվեստական կամ մասնագիտական գրականությամբ համալրելու, խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգելու, պետական միջոցներով կառուցված գյուղապետարանի շենքն ավարտին հասցնելու հետ կապված խնդիրների շուրջ: Գեղամասարում մարզպետը խոստացավ նախ լուծում տալ խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման խնդրին, իսկ հնարավորության դեպքում` նաև միջոցներ տրամադրել օրվա կարգավորիչ ջրամբարը հիմնանորոգելու համար: Վերոնշյալ բոլոր համայնքներում առաջ քաշվեց Վարդենիս-Շորժա մայրուղու հիմնանորոգման խնդիրը, որը Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով կառավարության կողմից ամբողջովին կկարգավորվի ,,Վարդենիս-Մարտակերտ,,ճանապարհի հիմնանորոգումից հետո: Բոլոր համայնքներում մարզի ղեկավարը բնակիչներին խորհուրդ տվեց գյուղատնտեսությունը դարձնել շահավետ ու կայուն զբաղմունք, ինչի համար կառավարությունը ցուցաբերում է համապատասխան աջակցություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06