Նորություններ
ԿԱՐՄԻԳՅՈՒՂԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ
23.10.2014

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին սան, այժմ Հայոց բանակի ժամկետային զինծառայող Ատոմ Ասատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմահայրենասիրական բաց դաս: Ատոմ Ասատրյանը մեկն էր Գեղարքունիքի մարզի այն 44 զինծառայողներից, ովքեր օրինակելի ծառայության համար օրերս խրախուսվել էին ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության կողմից շնորհակալական նամակներով եւ կարճաժամկետ արձակուրդով: Գեղարքունիքի մարզպետ Ռ.Գրիգորյանի հանձնարարականի հիման վրա էլ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց ռազմահայրենասիրական բաց դասը, որը վարեց Ատոմ Ասատրյանը: Ատոմը հարազատ կրթօջախ այցելեց մոր եւ եղբոր հետ ով օրերս նույնպես զորակոչվելու է բանակ: Ավագ դասարանների աշակերտները խանդավառությամբ դիմավորեցին Ատոմին: Դահլիճը լեփ-լեցուն էր ծնողներով, ուսուցիչներով եւ աշակերտներով: Ռազմահայրենասիրական դասին հրավիրված էին նաեւ դպրոցի նախկին շրջանավարտ զինվորները: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Զինվորներին ուղղված հարց ու պատասխանից հետո աշակերտները նրանց ողջունեցին հայրենասիրական երգերով ու պարերով: Ելույթով հանդես եկան Ատոմի նախկին դասղեկ Սաթիկ Կարապետյանը, նախկին զինծառայող Ջանիկ Գեւորգյանը: Ատոմի մայրը` Սիրուշ Ասատրյանը, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրինությանը` միջոցառման կազմակերպման համար: Միջոցառումը եզրափակվեց տնօրեն Գոհար Ենգոյանի ելույթով: Նա շնորհակալություն հայտնեց զինվորներին եւ նրանց մայրերին, նրանց հանձնեց հուշանվերներ եւ ծաղիկներ, խորհուրդ տվեց աշակերտներին` լավ սովորել եւ լինել արժանավոր զավակներ հայրենիքի համար, բարձր պահել դպրոցի պատիվը այնպես, ինչպես Ատոմը, Ջանիկը, Հովիկը, Գոռը, Մելսիկը եւ դպրոցի բոլոր շրջանավարտ տղաները: