Նորություններ
ՍԱՐՈՒԽԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 75 ԱՄՅԱԿԸ
05.10.2014

Հոկտեմբերի 4-ին լրացավ պատմաբան-բանասեր, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու եւ քաղաքական գործիչ Հենրիկ Աբրահամյանի ծննդյան 75- ամյա հոբելյանը, որը հայրենի Սարուխան գյուղում նշվեց մեծ շուքով:
Oրը նշանավորվեց նաեւ Հենրիկ Աբրահամյանի` հետմահու վերահրատարակված ՙԲայազետ՚ գրքի շնորհանդեսով:
Հոբելյանին ներկա էր Սարուխան գյուղի հասարակությունը, պետական ու քաղաքական գործիչներ, գրականության, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սարուխանի համայնքապետարանի աշխատակիցներ, Հենրիկ Աբրահամյանի մտերիմները, ընկերները:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր սրտի խոսքն ասաց հոբելյարի շիրիմին, իսկ հիմնական միջոցառումն անցկացվեց Աբրահամյանի անունը կրող Սարուխանի մշակույթի տանը:
Հենրիկ Աբրահամյանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց <<Հայաստան>> թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը:
<<Սարուխան գյուղը մեր փոքրիկ պետությանը գրողներ, հրապարակախոսներ, պետական ու քաղաքական գործիչներ, գիտությանն ու արվեստին նվիրված անվանի մարդիկ շատ է տվել, որոնց մեջ իր դիրքով առանձնանում է Հենրիկ Աբրահամյանը>>, -իր խոսքում ասաց Սարուխանի համայնքապետ Վահան Գեւորգյանը:
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, <<Հայջրնախագիծ>> ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Ջավադյանը ներկաների հետ կիսվեց Հենրիկի հետ կապված գեղեցիկ հուշերով: Իրենց սրտի խոսքն ասեցին նաեւ Հենրիկ Աբրահամյանի դուստր Աստղիկ Աբրահամյանը, մշակույթի տան տնօրեն Հասմիկ Խաչատրյանը եւ նրա մանկության ընկեր, մանկավարժ եւ լրագրող Խաչիկ Ենգիբարյանը:
ՙԲայազետ՚ գրքից պատառիկներ ընթերցեցին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան-բեմադրիչ Արա Գեւորգյանն ու Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները: