Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՎ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

04.10.2014

  Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում Հոկտեմբերի 4-ի առավոտը բացվեց տոնախմբությամբ, որը շարունակվեց մինչեւ երեկո`նշանավորելով նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը եւ բացումը: Նորակառույց եկեղեցու բակում առավոտվանից հավաքվում էին Վաղաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ, Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում կամ արտերկրում բնակվող նախկին վաղաշենցիներ, պաշտոնական անձինք, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Ինչպես տեղեկացրեց նորակառույց եկեղեցու ճարտարապետ, ծնունդով քեսաբահայ Հրաչյա Գասպարյանը, Վաղաշենի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է ծնունդով վաղաշենցի, արդեն մոտ քառորդ դար արտերկրում ապրող ու աշխատող Հենրիկ Մելքոնյանի բարերարությամբ, չորս տարվա ընթացքում: Վաղաշենի նոր հավատի տունն ունի 18 մետր բարձրություն, 12 մետր երկարություն եւ 8 մետր լայնություն: Այն իր տեսքով կենտրոնագմբեթ է, ավանդատները գտնվում են արեւելյան հատվածում, խորանի հարավային եւ հյուսիսային կողքերում: Չորս հզոր կամարների վրա նստած է հովհարաձեւ վեղարով գմբեթը:Հիմքերը կառուցված են բազալտից, իսկ պատերն ու թմբուկն ամբողջությամբ` Անի-Պեմզայի տուֆ քարից:ՙԱյս շքեղ եկեղեցին կառուցելիս մենք չենք հեռացել հայկական ավանդական եկեղեցաշինությունից, եւ այսօր մեր շինարարների մտքի ու ձեռքերի շնորհիվ վեր բարձրացավ ու շունչ առավ հայկական ճարտարապետության հերթական կոթողներից մեկը՚,-իր խոսքում նշեց Հրաչյա Գասպարյանը: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Օծման արարողության ավարտից հետո թեմի առաջնորդը, Աստվածահաճո գործի համար շնորհակալություն հայտնելով բարերար Հենրիկ Մելքոնյանին, Վաղաշենի հավատավոր բնակչությանը, հավաստիացրեց, որ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին այսուհետ դառնալու է գործող եկեղեցի Գեղարքունյաց թեմի կազմում:
ՙԱյս նորակառույց եկեղեցին ի սրտե նվիրում եմ իմ հայրենի գյուղին ու այն շեն պահող ժողովրդին: Քսանհինգ տարվա բացակայությունից հետո այսօր կատարվեց իմ երազանքը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին իր դռները բացեց հազարավոր հավատավոր մարդկանց առաջ: Հավատացած եմ, որ խորունկ հավատ ու սեր կցուցաբերեք եկեղեցու հանդեպ, ավելի կկապվեք մեր հավատին՚,-ներկաներին դիմեց բարերար Հենրիկ Մելքոնյանը:
ՙՎերջապես Վաղաշենն էլ ունեցավ իր աղոթքի տունը` շքեղ մի կառույց, որի շուրջ կհամախմբվեն մեր քաղաքացիները, կլինեն ավելի միասնական, համախումբ ու հավատով լեցուն մայր եեղեցու եւ հայրենի երկրի ապագայի հանդեպ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բարերար Մելքոնյանին եւ նրա ընտանիքին, հուսալով նաեւ, որ նրա օրինակին մեր մյուս համայնքներում կհետեւեն այլ բարերարներ եւ բարեգործական ձեռնարկներ կիրականացնեն ամենատարբեր ոլորտներում: Թող աստված պահապան լինի հայ ժողովրդի բոլոր ընտանիքներին՚,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Եկեղեցու ընդարձակ բակում բարերար Հենրիկ Մելքոնյանի հովանավորությամբ հավատավոր բազմությանը բաժանվեց Սուրբ մատաղ: Տոնախմբության մասնակիցները ժամեր շարունակ վայելեցին մայրաքաղաքից հրավիրված ՙՆազանի՚, ՙՍասնա ծռեր՚, ՙՀուշեր՚ երգի-պարի համույթների , հանրահայտ Ջիվան Գասպարյանի, կրտսեր Ջիվան Գասպարյանի,Կամո Սեյրանյանի, Ներսիկ Իսպիրյանի, Նարեկ Պողոսյանի երաժշտական բարձրարվեստ կատարումները:
Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց ու նորաբաց եկեղեցին վեր է խոյանում գյուղի կենտրոնում, 19-րդ դարում Ալաշկերտից գաղթած հայերի ձեռքերով կառուցված բազիլիկ կիսավեր եկեղեցու եւ գեղաքանդակ խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցի հարեւանությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12