Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՙ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՚
27.09.2014

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում առաջիկա երկու օրերը հայտարարվեց ՙբաց դռների օր՚, որի շրջանակներում կազմակերպվեց ՙԳորգագործություն՚ թեմայով ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի մշակութային եւ կրթական օջախների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպվել էր թանգարանի կոլեկտիվի կողմից, որին մասնակցեցին նաեւ Գավառի մանկատան սաները. նրանք դազգահների վրա տեղում գորգ էին գործում եւ ներկաներին հիացնում իրենց գորգագործական հմտությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, նշելով, որ միջոցառումը կազմակերպվել եւ անցկացվում է ՙԵվրոպական ժառանգության օրերին՚ տարածաշրջանի լայն հասարակությանը մասնակից դարձնելու նպատակով: Նա հավելեց, որ հայտնաբերված եւ ցուցադրվող հին գորգերը պատրաստման իրենց տեխնիկայով, գունազարդումներով գրեթե չեն տարբերվում արդի ժամանակաշրջանում ստեղծված գորգերից:
Թանգարանի հարուստ հավաքածուից ներկայացվեց տարածաշրջանի 19-20-րդ դարերին պատկանող մոտ երկու տասնյակի հասնող ցուցանմուշ: Մարզի գորգագործական արտելներին, նրանց հիմնադիրներին ու գորգագործներին անդրադարձավ թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Հնագույն գորգերի մասին խոսեց ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Գիտաշխատողները մանրամասնեցին հայոց նախաքրիստոնեական ու քրիստոնեական Պազիրիկ, Անահիտ, Եռախորան եւ Գոհար անունները կրող գորգերի արվեստն ու արհեստը:
<<Հայկական արվեստի այս բարձրագույն արժեքները քարոզող միջոցառումներ անհրաժեշտ է մարզում ավելի հաճախ կազմակերպել եւ այդ միջոցառումներում ներգրավել հասարակության ավելի լայն ներկայացուցիչների>>, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` միաժամանակ ողջունելով Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի այս նախաձեռնությունը: