Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

17.09.2014


Սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարին եւ նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ապա նախարարը եւ մարզպետը այցելեցին Գավառի մանկատուն, Վարդենիսի ՙՏուն-ինտերնատ՚, Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Նշված հաստատություններում նախարարը ծանոթացավ մանկատան սաների եւ հատուկ կարիք ունեցող մարդկանց առօրյային, կենցաղային պայմաններին, նրանց հետ տարվող խնամքի աշխատանքներին, քաղաքացիներին ինտեգրված սոցիալական ծառայություններ մատուցելու հետ կապված իրավիճակին եւ առաջացած հիմնահարցերին, բազմաբնույթ այլ խնդիրների: Նախարար Արտեմ Ասատրյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գավառ եւ Մարտունի քաղաքներում դիտարկեցին շենքային այն պայմանները կամ տարբերակները, որտեղ առաջիկայում պետք է բացվեն եւ գործեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Այցի ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետարանում նախարարը եւ մարզպետը համատեղ խորհրդակցություն անցկացրին մարզի սոցիալական տարածքային ծառայությունների, զբաղվածության կենտրոնների եւ նախարարության ենթակայությամբ գործող այլ հաստատությունների տնօրենների հետ:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության եւ ապահովման խնդիրներին` Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ երեխաների խնամքի հաստատություններում կառավարությունն առաջիկայում իրականացնելու է ինչպես բեռնաթափման, այնպես էլ սոցիալական կարեւորագույն այլ ծրագրեր: Խնամատար ընտանիքիների ինստիտուտի ներդրման կողքին փորձ կարվի աջակցության ծրագրերի միջոցով կենսաբանական ընտանիքներ վերադարձնել երեխաներին, հոգալ հաստատություններում մնացածների կրթության եւ զբաղվածության խնդիրները:
Վարդենիսի ՙՏուն-ինտերնատ՚-ում, ըստ նախարարի, գոյություն ունեն բազմաթիվ հիմնախնդիրներ` գույքի տրամադրումից մինչեւ խնամքի կարիքների գնահատում եւ կենցաղային պայմանների բարելավում:
Նախարարն անդրադարձավ նաեւ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեությանը, հավելելով, որ մեր հանրապետությունում գործող տասնյոթ նման կենտրոնների կողքին առաջիկայում կբացվեն եւս երեսունյոթ նման կենտրոններ: Միայն թե դրանց գործունեության արդյունավետությունը պետք է առավել բարձրացվի եւ արվի հնարավորը, որպեսզի քաղաքացին զանազան դռներ բախելու փոխարեն օգտվել կարողանա մեկ պատուհանից:ՙ Այդ կենտրոններում մենք պետք է ունենանք քաղաքացիներից հատուկ դիմումներ ընդունողներ եւ նրանց նախնական խորհրդատվություն մատուցողներ: Ամեն դեպքում քաղաքացին պետք է սպառիչ պատասխան ստանա սոցիալական ծառայություներ մատուցող կառույցից՚,-նշեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը խոսեց նաեւ ընտանեկան նպաստների եւ զբաղվածության աջակցության ծրագրերի ներդրման եւ իրականացման հարցերի շուրջ:ՙԱնընդունելի է, երբ գումար է տրամադրվում աշխատունակ մարդուն` չաշխատելու դիմաց: Մենք պետք է հասնենք այն բանին, որ նպաստ տրամադրվի բացառապես անաշխատունակ մարդկանց: Իսկ աշխատունակ մարդիկ պետք է ընդգրկվեն զբաղվածության այն ծրագրերում, որոնք արդեն ներդրվել են մարզում, ամենատարբեր ուղղություններում՚,-նշեց նախարարը:
Կանգ առնելով այս խնդրին` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց պետական մարմինների ստորաբաժանումների համագործակցության անհրաժեշտության վրա, որի դեպքում միայն հնարավոր կլինի բավարար արդյունք ակնկալել:ՙ Կառավարությունն այսօր լայն աջակցություն է ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին` պահանջարկի դեպքում նրանց տրամադրելով անհրաժեշտ քանակի սերմացուներ, դիզվառելիք եւ պարարտանյութեր: ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՙԳյուղատնտեսական ռեսուրսներ կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ շրջանակներում բազմաթիվ համայնքերի տրամադրված գյուղտեխնիկայի գործարկման պայմաններում էականորեն նվազել են գյուղմեքենաների մատուցած ծառայությունների գները: Նման պայմաններում եթե համագործակցված աշխատեն իշխանության բոլոր օղակները, համոզված եմ, որ սոցիալական աջակցության ծրագրերում կընգրկվեն գյուղացիական շատ տնտեսություններ, արդյունքը կլինի սպասվածից ավելին՚,-շեշտեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44