Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԸ

11.09.2014

Ամրապնդվում է բանակ-հասարակություն կապը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 57 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով եւ կարճաժամկետ արձակուրդով: Խրախուսման ներկայացված զինծառայողները Մարտունի քաղաքի մշակույթի տուն էին տեղափոխվել իրենց ծառայության վայրերից, ուր կվերադառնան արձակուրդն անցկացնելուց հետո: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարտունու քաղաքապետ, Գեղարքունիքի մարզի ԵԿՄ նախագահ Բագրատ Հարությունյանը, Երկրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարները եւ բարձրաստիճան սպաները: Հայոց բանակի զինվորներին, նրանց ծնողներին ու հրամանատարներին օրհնեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին:ՙՏեւական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Բայց երբ վերջերս մեր թշնամին լրջորեն փորձեց խախտել մեր սահմանները, մենք տեսանք, որ հայ զինվորի ոգին անսահման բարձր է, առանց այդ ոգեւորության էլ նա անսասան է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, եւ այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման, սերունդների արժանի ու կայուն հերթափոխի անհրաժեշտության մասին խոսեց Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:ՙՄենք տերն ենք մեզանից երկու տասնամյակ առաջ կռած հաղթանակներին եւ դրանց արժանի կրողը: Այս դահլիճում նստածների ութսուն տոկոսը մասնակցություն են ունեցել հուլիս ամսին Քարվաճառ թափանցած թշնամու դիվերսիոն խմբի հետախուզման եւ չեզոքացման գործողություններին: Կարող եմ ասել, որ մենք այսօր նույնքան հզոր ենք, որքան քսան տարի առաջվա մեր ավագ ընկերները: Վերջերս թշնամու կողմից ձեռնարկված գործողությունների կասեցումը, ինչպես նաեւ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում մեր թիմի ծանրակշիռ հաջողությունը ցույց տվեցին, որ մեր զինվորներն իրենց գործի գիտակն են: Մեր խնդիրը ոչ միայն բանակաշինության հետագա զարգացումն է, այլ նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Զինվոր-ծնող կապը պետք է լինի մշտական՚,-նշեց կորպուսի հրամանատարը:
Քաջալերանքի խոսքեր հնչեցրին զինվորների ծնողներ Բենիկ Կիրակոսյանը, Ռուդիկ Վարդանյանը, Արտակ Թարփոշյանը, Նորիկ Հազեյանը, ժամանակին Քարվաճառում մարտնչած Արարատ Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքն առավել ազդեցիկ ու տպավորիչ էր.ՙՏղաս հիմա ծառայում է այնտեղ, ուր ժամանակին ես եմ մարտնչել: Մենք երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով եւ պարտավոր ենք լինել մեր զավակների կողքին, նրանց հետ ծառայել: Իմ չորս տղաներն ավարտել են զինվորական ծառայությունը եւ այժմ գտնվում են արտագնա աշխատանքում: Նրանք ամեն ակնթարթ պատրաստ են կանգնել իրենց հինգերորդ եղբոր կողքին: Ես էլ այս տարիքում դեռ աշխատում ու արարում եմ, զինվորական թոշակի հույսին չեմ, քանի որ հայրենիքը ոչ թե թոշակով, այլ արյունով են պահում՚,-նշեց ազատամարտիկ Արարատ Հովհաննիսյանը:
Միջոցառման ավարտից հետո ծնողների ուղեկցությամբ զինծառայողները մեկնեցին իրենց տներ` վայելելու հարազատների ջերմ ներկայությունը:
Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ ՀՀ ԶՈւ Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի համատեղ նախաձեռնությամբ քայլեր կձեռնարկվեն մարզի տարածքում բանակ-դպրոց կապի ամրապնդման եւ խորացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59