Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

01.09.2014

Նոր ուսումնական տարվա մեկնարկը մարզի դպրոցներում տրվեց տոնական տրամադրությամբ: Առաջին զանգ, հանդիսավոր արարողություն, գովասանագրեր, խրախուսական խոսքեր ու հուշանվերներ, տոնական երգ ու պար և վերջապես դասասենյակ, որտեղ դպրոցականներին բաժանվեցին դասագրքեր և անցկացվեցին գիտելիքի օրվան նվիրված դասեր: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարվան նվիրված արարողություններին ներկա են գտնվել մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցչները: Դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու, դպրոցը` նոր ուսումնական տարվան պատրաստ լինելու գործընթացին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալները եղան մարզի մի շարք դպրոցներում:
Նոր ուսումնական տարում մարզում կգործեն մարզային ենթակայության 117 դպրոցներ, որից 89-ը` միջնակարգ, 26-ը` հիմնական և 2-ը` տարրական: Մարզում կգործեն նաեւ Գավառի N1 հատուկ դպրոցը,, Ճամբարակի, Սեւանի, Մարտունու, Ձորագյուղի, Վարդենիսի եւ Գավառի ավագ, Ծաղկունքի բաց դպրոցները, Վարդենիկի կրթահամալիրը և Գեղարքունիքի մարզային մարզադպրոցը :
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախնական տվյալներով մարզի հանրակրթական դպրոցների 1463 դասարաններում 2014-15 ուսումնական տարում կսովորի 28 հազար 634 աշակերտ, որից ավելի քան 3000` առաջին դասարանցիներ: Այս ուսումնական տարում մարզում կգործեն 39 նախակրթարաններ, որից՝ 27-ը հանրակրթական դպրոցներում, շուրջ 800 երեխայով և 12-ը՝ նախադպրոցական հաստատություններում: Գավառի N1 հատուկ դպրոցի 7 դասարաններում կսովորեն 51 աշակերտ, իսկ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի 20 խմբերում կմարզվեն 296 սան: Գեղարքունիքի մարզում այս ուսումնական տարում ներառական կրթություն կիրականացվի վեց հիմնական դպրոցներում, որտեղ ներառական կրթություն կստանա 102 աշակերտ: 2014-15 ուսումնական տարվա դասընթացները նոր մասնաշենքում կանցկացնեն Ծակքարի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների սաները:
Նոր ուսումնական տարին մեկնարկեց նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գավառի պետական համալսարանում գիտելիքի օրվան նվիրված ,, Արիության և հայրենասիրության,, դասին մարզի ղեկավարության հետ ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար, Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Նախարարն այցելեց նաև Գավառի N1 հիմնական դպրոց, դպրոցին նվիրելով ուսումնական դիդակտիկ պարագաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36