Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ,,AMD,, ԿԱԶՄԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

28.08.2014

Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ 2013 թվականի հոկտեմբերին ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, միջազգային հասարակական կազմակերպությունը այս տարվա ընթացքում նախաձեռնել եւ իրականացնում է մարզի առողջապահական հիմնարկների աջակցության ծրագրեր: Մարզի առողջապահական որոշ հաստատություններում իրականացվող աշխատանքների հետագա քայլերը համաձայնեցնելու եւ հստակեցնելու նպատակով օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ կազմակերպության տնօրեն Բետրան Դվիմյոյին: Ըստ ֆրանսիական կողմի ներկայացման` ընթացքի մեջ են Արտանիշ եւ Թթուջուր գյուղական համայնքների բուժկետերի վերանորոգման եւ առաջին անհրաժեշտության բուժսարքավորումներով վերազինելու աշխատանքները: Նախատեսվում է նաեւ նշված բուժկետերում ջեռուցման նպատակով նորագույն էլեկտրական վառարանների տեղադրումը: Դվիմյոյի հավաստմամբ` ավարտին է հասցվել Ճամբարակի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքների բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում առաջիկայում նրանց կբաժանվեն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ: Ընթացքի մեջ են Գավառի պոլիկլինիկայի մասնակի հիմնանորոգման աշխատանքները, միաժամանակ նախատեսվում է որոշ բուժկետերի տրամադրել նաեւ բժշկական կշեռքներ եւ հասակաչափեր, կառուցել սանհանգույցներ: Անհրաժեշտ է մի քանի տեսակի բուժզննման սարքավորումներով համալրել Սեւան քաղաքի պոլիկլինիկան եւ հիվանդանոցը: Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդին ու Գրենոբլի քաղաքապետարանին` Գեղարքունիք-Իզեր համագործակցության հուշագրի շրջանակներում մարզում իրականացվող ծրագրերի համար: Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց մասնակցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող այն բոլոր քննարկումներին, որոնց արդյունքում կկայացվեն մարզում զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված որոշումներ: ՙՄենք պետք է հասնենք նրան, որ առողջապահական ոլորտում կատարված ներդրումները գոհացնեն սպասարկվող բնակչությանը` տալով տեսանելի եւ դրական արդյունքներ: Բոլոր կարգի ներդրումները պետք է լինեն միայն նպատակային եւ արդարացված՚,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը նաեւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում փորձել աջակցել այն ծրագրերին, որոնց իրականացման հարցում Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդը եւ Գրենոբլի քաղաքապետարանը կունենան ֆինանսական դժվարություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57