Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
30.07.2014

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ, Շորժա, Արտանիշ և Ջիլ համայնքներում: Ծովագյուղ համայնքում մարզի ղեկավարը դիտարկեց համայնքի մշակույթի տան մի հատվածում հանդիսությունների սրահ կառուցելու խնդիրը, խոստանալով այն ներառել կառավարության կողմից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի ցանկում: Այնուհետև մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների, ավագանու և համայնքապետարանի աշխատակազմի հետ, ովքեր իրենց գոհունակությունը հայտնեցին պետության կողմից իրականացվող ,,գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրից,, ինչի շնորհիվ համայնքում նկատվել է անասնագլխաքանակի և անասնամթերքի արտադրության աճ, ավելացել են մշակվող վարելահողերի ծավալները, ստացված գյուղտեխնիկայի շնորհիվ նվազել է դրանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը: ,, Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի կողմից առաջիկայում Ծովագյուղ համայնքում կկարգավորվեն խմելու ջրի, իսկ համայնքի բյուջեի հաշվին փողոցների լուսավորության խնդիրները: Համայնքի ավագանու անդամները մարզպետին ներկայացրին համայնքին հուզող մի քանի այլ խնդիրներ, որոնց Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ հնարավորության դեպքում աջակցել: Շորժա համայնքում առկա խնդիրներից մարզպետը առաջնահերթ համարեց միջնակարգ դպրոցի 6 դասասենյակների, ներհամայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգման խնդիրները, որոնք մարզպետը խոստացավ ընդգրկել հրատապ ծրագրում: Համայնքի բնակիչները իրենց գոհունակությունն հայտնեցին պետության կողմից տրամադրված գարու սերմացուից ստացված աննախադեպ բերքից: Մարզպետը խոստացավ պահանջարկի դեպքում համայնքներին տրամադրել անսահմանափակ քանակությամբ դիզվառելիք, ազոտական պարարտանյութ և որակյալ սերմացու, քանզի կառավարությունը դրա հնարավորությունը տալիս է և այն միտված է համայնքներում ցանքատարածությունների ավելացմանը: Գարու բարձր բերքատվությունից գոհ էին նաև Արտանիշ համայնքի բնակիչները: Այս համայնքում Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ աջակցել համայնքի գազիֆիկացման աշխատանքները ավարտին հասցնելուն, իսկ ֆինանսավորման դեպքում միջոցներ հատկացնել դպրոցի տանիքի, համայնքի մշակույթի տան և 5կմ երկարության խմելու ջրագծի հիմնանորոգման համար, եթե վերջինիս վերաբերյալ հանձնաժողովը տա շինարարական թույլտվություն: Ջիլ համայնքում մարզի ղեկավարը ծանոթացավ համայնքային խնդիրներին, խոստացավ աջակցել 5 կմ երկարության խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներին, միջոցներ ձեռնարկել համայնքապետարանի շենքի հիմնանորոգման և դպրոցի տանիքի մասնակի վերանորոգման համար: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելուց հետո Ջիլ համայնքը կներառվի կառավարության կողմից իրականացվող ,,գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում,,: