Նորություններ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
23.07.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր աշխատանքային այցը սկսեց Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում գործող ,,Արաքս-2,, պանրի արտադրական կոոպերատիվից: Արտադրամասն ունի 560 մատակարար տնտեսություն տարածքի 13 համայնքներից, որոնց միջոցով տարեկան մթերվում է 2000 տոննա կաթ և արտադրվում 280 տոննա պանիր: Այստեղ աշխատում է 33 բանվոր՝ երկու հերթափոխով: Տարածաշրջանում անասնագլխաքանակի աճը և կաթի արտադրության ծավալների ավելացումը նպաստում է, որպեսզի կոոպերատիվը ընդլայնի իր արտադրությունը: Այնուհետև գյուղնախարարը և մարզի ղեկավարը դիտարկեցին Վարդենիսի տարածաշրջանի հացահատիկի և կարտոֆիլի ցանքերը, որտեղ, շնորհիվ պետական աջացության ծրագրերի ակնկալվում է աննախադեպ բերք: Պետության կողմից իրականացվող ,,գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի,, շրջանակներում Մեծ Մասրիկ համայնքում 1 տարի առաջ հիմնվել է ,,Արոտօգտագործողների միավորում,, արտադրական կոոպերատիվը, որի անդամների հետ Սերգո Կարապետյանը քննարկեց իրականացված աշխատանքների արդյունքները և ձեռքբերումները: Կոոպերատիվի անդամները գոհունակություն հայտնեցին ծրագրից, նշելով, որ աստիճանաբար ավելանում է կոոպերատիվին անդամակցել ցանկացողների թիվը: Ծրագրի ներդրման շնորհիվ նկատվել է անասնագլխաքանակի և անասնամթերքի արտադրության աճ, ավելացել են մշակվող վարելահողերի ծավալները, ստացված գյուղտեխնիկայի շնորհիվ մոտ 30 տոկոսով նվազել է դրանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը: Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրեց գյուղացիական տնտեսություններին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի համար կբացվեն տնտեսական լայն հեռանկարներ և խոշոր շուկաներ, ուստի հարկավոր է լինել լավատես և զարկ տալ գյուղմթերքների արտադրությանը: