Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
16.07.2014

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Նորաշեն համայնքներում և Սևան քաղաքի պոլիկլինիկայում: Հայրավանքի համայնքապետարանում նա հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի և աշխատակազմի հետ: Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ,,Գյուղական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի,, շրջանակներում նախատեսվում է Գավառ, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ և Նորաշեն համայնքներում կառուցել արոտների ջրարբիացման ընդհանուր համակարգ: Հայրավանքում Ռաֆիկ Գրիգորյանը դիտարկում անցկացրեց մշակույթի տան շենքի այն հատվածում, որտեղ,,Վորլդ Վիժն Հայաստան,, կազմակերպության ֆինանսավորմամբ շուտով կմեկնարկեն Հայրավանքի և հարևան Բերդկունք համայնքների երեխաների համար կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Նշված համայնքներում մարզպետը խոստացավ աջակցել գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգման խնդիրների լուծմանը: Լճափ համայնքում մարզի ղեկավարը ծանոթացավ համայնքի կենտրոնական ճանապարհի շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ պետական բյուջեից տրամադրված ավելի քան 100 մլն դրամի հաշվին: Համայնքապետարանում համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի և կրթամշակութային հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ մարզպետը քննարկեց դպրոցի մի մասնաշենքի ջեռուցման համակարգի անցկացման, բուժամբուլատորիայի նոր շենքի կառուցման , հիմնանորոգվող ճանապարհի մի հատվածում ջրահեռացման համակարգ կառուցելու հետ կապված խնդիրները: Խնդիրներին ծանոթանալու նպատակով մարզի ղեկավարն այցելեց Լճափի մանկապարտեզ, բուժկետ և միջնակարգ դպրոց: Հիմնանորոգված մանկապարտեզի շուրջտարյա աշխատանքն ապահովելու նպատակով մարզպետը խոստացավ աջակցել կառույցի ջեռուցման համակարգի անցկացմանը: Նորաշեն համայնքում մարզպետն այցելեց բուժկետ, հանդիսությունների սրահ և դպրոց, ապա հանդիպում ունեցավ համայնքի ղեկավարի, ավագանու, աշխատակազմի հետ և քննարկեց համայնքի լուսավորության ցանցի անցկացման ու դպրոցի տանիքի հիմնանորոգման հարցերը: Երկու դեպքում էլ նա խոստացավ համապատասխան աջակցություն և միաժամանակ դրվատեց համայնքի ղեկավարի և ավագանու համագործակցված և արդյունավետ աշխատանքը, ինչի շնորհիվ այստեղ վերջին տարիներին իրականացվել են կենսական նշանակության ծրագրեր: Աշխատանքային այցի վերջին կանգառը Սևանի քաղաքային պոլիկլինիկայում էր, որտեղ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի մի շարք հարցեր: