Նորություններ
ՙՙՀԱՍՄԻԿ ՙՙ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ 7-13 ՏԱՐԵԿԱՆ 292 ԴՊՐՈՑԱԿԱՆ
10.07.2014

Համաձայն ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 15-ի համապատասխան որոշման, հունիսի 20-ից մեկնարկել է 7-13 տարեկան դպրոցականների 2014թվականի ամառային հանգիստը ՀՀ ճամբարներում: Այն իրականացվում է 3 հերթափոխով և 20-ական օրով: Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի 77 դպրոցականներից ձևավորված առաջին խումբը մեկնեց հանգստի Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբար: ՀՀ վարչապետի որոշման համաձայն ճամբար մեկնող խմբերում ընդգրկվում են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներ՝ իրենց ցանկությամբ, տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, նախաձեռնությունը համարելով լավագույն միջոց, նման ընտանիքների երեխաների հանգիստը կազմակերպելու համար: Հուլիսի 9-ին ճամբար մեկնողների 115 երեխաներից բաղկացած երկրորդ խումբը մենեց Հանքավան: Նրանց ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Ղեկավար այրերը զրուցեցին երեխաների ու նրանց ծնողների հետ, հաջողություն ու հաճելի հանգիստ մաղթելով նրանց: Ճամբարում հանգստացողների երրորդ խումբը Հանքավան կմեկնի հուլիսի 28-ին, երբ կավարտվի երկրորդ խմբի հանգիստը: Վերջին փուլում կհանգստանա 100 երեխա:
Անդրանիկ Հակոբյանի հավաստմամբ այս պահին Գեղարքունիքի մարզի ,,Գեղամա,, հանգստյան տանը տարբեր հերթափոխերով իրենց 7-օրյա հանգիստն են անցկացնում հանրապետության ավելի քան 2000 պատանի երկրապահներ, որոնց մեջ զգալի թիվ են կազմում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները: Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԵԿՄ վարչության նախաձեռնությամբ և ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ :