Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ

09.07.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզում առաջին կիսամյակի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց մարզի զանգվածային լրատվամիջոցներին: Մարզպետը գոհունակություն հայտնեց կիսամյակի ընդհանուր արդյունքներից, նշելով, որ այդ ընթացքում մարզն ավելի շատ ձեռքբերումներ է ունեցել, քան` ձախողումներ, որոնք հիմնականում եղել են կարկտահարությունների եւ պտտահողմի տեսքով` վնասներ պատճառելով մի շարք համայնքների տնտեսությունների: Իսկ ահա ձեռքբերումները եղել են տեսանելի, ընդգրկուն եւ բազմաբովանդակ, որոնք էականորեն համայնքներում բարելավում են բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարզպետը լուրջ հաջողություններ է ակնկալում գյուղատնտեսության ոլորտում, նշելով, որ նախորդ տարվանից մոտ 10 տոկոսով ավել բերքատվություն է սպասվում 24 000 հեկտար աշնանացան ցորենի եւ 21 հազար հեկտար գարնանացան գարու եւ այլ հացաբույսերի արտերից, կարտոֆիլի դաշտերից: Արդեն սկսվել է անասնակերի կուտակումը, եւ առաջին արդյունքները գոհացնող են: Մոտ 10 տոկոսով մարզում աճել է խոշոր եւ մանր եղջերավորների գլխաքանակը, ինչը Ռաֆիկ Գրիգորյանը շաղկապում է Գեղարքունիքի մարզում ՙԳյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ իրականացման հետ, որի շրջանակներում վերջին տարիների ընթացքում 21 համայնքներ ապահովվել են մինչեւ 200 միավոր տրակտորներով եւ գյուղգործիքներով, ստեղծել արոտների ջրարբիացման համակարգեր, որոնց շնորհիվ բարձրացել է անասունների մթերատվությունը: Այս ծրագիրը լինելու է շարունակական, որում առաջիկայում ընդգրկվելու են եւս 9 համայնք: Մարզում ամբողջությամբ իրականացվել են անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները, եւ անասնահոտերը միանգամայն առողջ վիճակում են դուրս եկել արոտ:
Ձեռքբերումները նկատելի են նաեւ քաղաքաշինության ոլորտում: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի շրջանակներում մարզին հատկացվել է 1 միլիարդ 135 միլիոն դրամ, որից 628 միլիոն դրամի ֆինանսավորումն արդեն բացված եւ ուղղված է 10 համայնքների կենտրոնական ճանապարհների հիմնանորոգմանը: Ի դեպ, հիմնանորոգվող ճանապարհներն ընդգրկված են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում: Իսկ մնացած գումարի շրջանակներում, նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն կենսական նշանակության բազմաբնույթ ծրագրեր` խմելու եւ ոռոգման ջրամատակարման, գազամատակարման համակարգերի կառուցում, նախադպրոցական եւ դպրոցական շենքերի կասռուցում կամ հիմնանորոգում: Բացի հրատապ ծրագրերից, Գեղարքունիքի մարզի դպրոցաշինությանը ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հատկացվել է 1 միլիարդ 602 միլիոն դրամ, որի շրջանակներում արդեն մեկնարկել է Ներքին Գետաշենի մանկապարտեզի կառուցումը, իսկ առաջիկայում կառուցման եւ նորոգման աշխատանքներ կսկսվեն մի շարք այլ կրթամշակութային հաստատություններում: ՙՎորլդ Վիժն՚ միջազգային հասարակական կազմակերպության կողմից ամենատարբեր ոլորտներում նախատեսվում է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման 40 ծրագիր: Տուրիզմի ոլորտում համագործակցության ծրագրերն առաջիկայում գործողության մեջ կդրվեն Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի համապատասխան կառույցների հետ համատեղ` համաձայն Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի ղեկավարների միջեւ վերջերս ստորագրված համագործակցության հուշագրի:
Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձավ նաեւ մարզի ընհանուր ճանապարհաշինությանը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության ընթացքին, շեշտելով, որ այս պահին միջոցներ են որոնվում նաեւ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհի հիմնանորոգման համար, որով եւ Սեւանա լճի հյուսիսային ափը կկապվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին ու կունենա սոցիալ-տնտեսական զարգացման հուսալի հեռանկարներ: Խոսելով Վարդենիս քաղաքում վերջերս տեղի ունեցած պտտահողմի պատճառած վնասների մասին` Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջությամբ վերացված կլինեն աղետի հետեւանքները: Տուժած ընտանիքներին հատկացվել է 3000 քառակուսի մետր ցինկապատ թիթեղ եւ 200 հատ ազբոշիֆեր, պայմամավորվածություն է ձեռք բերվել շինարարական կազմակերպությունների հետ, որոնց օժանդակությամբ այժմ ընթանում են վերականգնման աշխատանքները: Գավառի պետթատրոնի շենքի կառուցումը կշարունակվի այս տարվա ընթացքում, որի համար պետբյուջեից կհատկացվի 125 միլիոն դրամ: Սեւանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման ծրագրի առաջին փուլում Սեւան թափվող որոշ գետերի մոտ նախատեսվում է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ձկնաբուծարաններ եւ իշխանի մայրական կազմի համար նոր ավազաններ: Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրման մասին հարցին` մարզպետը հույս հայտնեց, որ այն ոչ միայն Գեղարքունիքի, այլ նաեւ Հայաստանի բոլոր մարզերում էլ արդյունավետ կլինի: Անդրադառնալով մարզի որոշ առողջապահական հիմնարկների տնօրենների թափուր պաշտոնների մասին հարցին` մարզպետը նշեց, որ տվյալ հիմնարկներում ավարտվել են տնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետները եւ սահմանված կարգով նշանակված է մրցույթներ, որոնց արդյունքներով էլ կընտրվեն նոր տնօրենները: ամեն ինչ արվելու է` համակարգի գործունեությունն առավել արդյունավետ ու թափանցիկ դարձնելու, բուժծառայությունների որակը բարձրացնելու համար: Տնօրենների համար առաջնային է դարձել հաստատությունը նեղ մասնագետ բժիշկներով ապահովելը:Ինչ վերաբերում է Սեւանի հիվանդանոցում նոր տնօրենի ընտրությունից առաջացած դժգոհություններին, մարզպետը հավաստիացրեց, որ մարզպետարանի կողմից ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում եւ այն նպատակով, որպեսզի նախապատվությունը տրվի մասնագիտական եւ մարդկային որակներով աչքի ընկնող թեկնածուին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:39:17