Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.07.2014

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրեթե ավարտին է հասցվել հունիսի 29-ին գրանցված ավերիչ ուժգնությամբ պտուտահողմի հետևանքով տնտեսություններին հասցված վնասների չափերի նախնական ուսումնասիրությունները: Արդեն երկրորդ օրն է այդ ուղղությամբ տեղում աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի և Արտակարգ իրավիճակների մարզային կառույցի կողմից ստեղծված երկու հանձնաժողովները: Ըստ հանձնաժողովների նախնական եզրակացության եւ կազմած ակտերի` լուրջ վնաս է կրել 47 առանձնատուն եւ Վարդենիսի համար 2 միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի կտուրը: Հայտնի է դարձել, որ բնակարանների տանիքների մասով վնասի չափը կազմում է մոտավորապես 6000 քառակուսի մետր: Հողմը արմատախիլ էր արել մի քանի տասնյակ պտղատու և դեկորատիվ ծառեր, վթարի էր ենթարկել էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգերը: Հունիսի 30-ից սկսած աշխատանքներ են կատարվում գազամատակարարման և էներգամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ: Աղետից տուժած տնտեսություններին զորակցելու ինչպես նաև հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները քննարկելու նպատակով հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աղետի հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ուղեկցությամբ այցելեց տուժած բնակարաններ և հանդիպեց բնակիչների հետ: Նա խոստացավ վնասների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները սեղմ ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարություն և հնարավորության սահմաններում փորձել աջակցություն ցուցաբերել տուժած տնտեսություններն՝ աղետի պատճառած հետևանքները վերացնելու համար: <<Որպեսզի հարցն արագ լուծում ստանա, առաջին հերթին պետք է մարդկանց օգնել շինանյութերով: Հնարավորինս կաշխատենք օգտակար լինել հատկապես նրանց, ում տանիքները մնացել են բաց` առանց կտուրի: Մնացած աշխատանքները կկատարվեն աստիճանաբար: Կաշխատենք հնարավորության սահմաններում օգնել բոլոր տնտեսություններին վերականգնելու աղետի արդյունքում վնասված շինությունները>>, -նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը հավելեց նաեւ, որ ստեղծվելու է տուժած շինությունների վերականգնման եւ փոխհատուցման աշխատանքների հանձնաժողով, որում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ներկայացուցիչներ, աղետից տուժած բնակիչներ եւ լրագրողներ: Վերականգնման աշխատանքների վերահսկողությունն անձամբ իրականացնելու է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: