Տպել
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ,, ՄՐՑՈՒՅԹ -ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
23.06.2014

Արդեն 11 տարի է, Հայաստանի Հանրապետության 48 քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում և նրա 7 շրջաններում անցկացվում է ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթ-ստուգատեսը: Ըստ կազմակերպիչների մրցույթն իր առջև խնդիր ունի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ամրապնդել ընտանեկան կապերը և ընտանիքներում արմատավորել առողջ ապրելակերպի գաղափարներ:
Հունիսի 19-22-ը Գավառի համար 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթի մարզային փուլը, որի բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի 4 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած 60 ընտանիքներ՝ 180 մասնակիցներով: Գեղարքունիքի մարզում մրցումների տարածքային և մարզային փուլերի աշխատանքները համակարգում էր Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն:
Մասնակիցները հանդես եկան 7 մարզաձևերում: Արդյունքում 2006-2008 տարիքային խմբում հաղթողներ ճանաչվեցին. Գավառից Արման Գասպարյանի և Վաղինակ Ղարիբյանի, Ծովազարդից Արիստակես Նաջարյանի ընտանիքները, 2003-2005 տարիքային խմբում՝ Վարդենիսից Ալբերտ Մանուկյանի և Արտակ Խաչատրյանի, Գավառից Գարիկ Սարգսյանի ընտանիքները, 2000-2002 տարիքային խմբում՝ Գավառից Արմեն Մկրտչյանի, Բերդկունքից Գեղամ Վարդանյանի և Կարմիրգյուղից Արմեն Ամիրյանի ընտանիքները, 1998-99 տարիքային խմբում՝ Սարուխանից Գնել Թորոյանի, Գավառից Կարո Սիրունյանի և Հայրավանքից Հակոբ Գասպարյանի ընտանիքները: Այս ընտանիքները կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին և որպես մարզային փուլի հաղթողներ՝ կխրախուսվեն դրամական պարգևներով: Այն կանցկացվի Ծաղկաձորում՝ հուլիս ամսին: Հանրապետական փուլում հաղթող ճանաչվածները մրցանակներ կստանան ՀՀ նախագահի կողմից: