Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
18.06.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 17-ին աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքում եւ Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում: Վարդենիսի քաղաքապետարանում տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետն անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին համայնքային մի շարք խնդիրներ: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգում, որտեղ նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին առաջիկայում կատարել բարեկարգման աշխատանքներ: Մեծ Մասրիկ համայնքում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ: Վերջիններս խնդիր դրեցին՝ գյուղտեխնիկայով համալրել նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվը, ինչը կնպաստի գյուղմեխանիզմների մատուցած ծառայությունների գների իջեցմանը: Համայնքի բնակիչները մարզի ղեկավարից աջակցություն խնդրեցին՝ ազոտական պարարտանյութի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու, համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման ուղղությամբ: Մեծ Մասրիկի մանկապարտեզում մարզի ղեկավարը ծանոթացավ տեղի պայմաններին և խոստացավ պետական բյուջեի միջոցներից հրատապ ծրագրերի ֆինանսավորման դեպքում աշխատանքների ցանկում ներառել նաև մանկապարտեզի կիսաքանդ մասնաշենքի հիմնանորոգման գործընթացը, հաշվի առնելով այն, որ գյուղում մանկապարտեզի նոր խումբ բացելու խիստ պահանջ կա: Նույն համայնքի բուժամբուլատորիայում Ռաֆիկ Գրիգորյանը ամբուլատորիայի տնօրենի և բուժանձնակազմի մասնակցությամբ քննարկեց հիմնարկում առաջացած պարտքերի վերացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված խնդիրները: Նորակերտ համայնքի բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրները կապված էին համայնքում խմելու և ոռոգման ջրի մատակարարման բարելավման, գազիֆիկացման, ներհամայնքային ու միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման, համայնքում էլեկտրաէներգիայի բավարար մատակարարման հետ: Մարզպետը խոստացավ հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված խնդիրներին: Փոքր Մասրիկում մարզպետը համայնքի բնակիչների հետ քննարկեց գյուղի մանկապարտեզի վերաբացման, որոշ տնտեսությունների կողմից անշարժ գույքի գրանցման, համայնքում հողօգտագործման պահանջ ունեցող ընտանիքներին աջակցելու հետ կապված հարցեր: Ռաֆիկ Գրիգորյանն այստեղ ևս խոստացավ իր իրավասությունների շրջանակներում աջակցել բարձրացված հիմնահարցերի լուծմանը: