Տպել
Նորություններ
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԿՈԹԱ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
13.06.2014

Այս տարվա մարտ ամսից սկսվել և ընթանում են Ներքին Գետաշեն գյուղի Կոթա Սուրբ Աստվածածին կիսավեր եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում են ՙԱլմասկա՚ ՍՊԸ շինարար վարպետները: Անցած 3 ամիսների ընթացքում եկեղեցու պատերն արդեն բարձրացվել են մինչեւ գմբեթ, եւ այժմ սկսվել են 6 մետրանոց գմբեթի հավաքման աշխատանքները: Շինարարության աշխատակազմի ղեկավար Հուսիկ Հայրապետյանի խոսքով Կոթավանքը վերականգնվելու է իր պատմական ու ճարտարապետական վեհաշուք տեսքի մեջ, առանց շեղումների կամ ձեւափոխությունների՝ մինչև տարեվերջ: Կոթավանքը կամ Կոթա Սուրբ Աստվածածինը կառուցվել է 9-րդ դարում, Մարիամ իշխանուհու եւ Սյունյաց Վասակ իշխանի որդի Գրիգոր Սուփանի կողմից: Այն կառուցվել է իշխանանաիստ Կոթ քաղաքի տարածքում, Արգիճի գետի հարավարաեւելյան ափի ժայռեղեն հրվանդանի վրա: Ուղղանկյուն եւ կենտրոնագմբեթ, ավելի քան 20 մետր բարձրություն, ճարտարապետական բացառիկ մտահղացումներ ունեցող այդ կառույցը հանդիսացել է ոչ միայն դպրանոց եւ հոգեւոր տուն, այլ նաեւ` պաշտպանական անառիկ ամրոց: Ըստ պատմական աղբյուրների` այն քանիցս ենթարկվել է թշնամական բանակների, ադ թվում` Լենկթեմուրի աշխարհավեր բանակների հարձակումներին ու ասպատակություններին, սակայն կանգուն է մնացել մինչեւ 17-րդ դարի երկրորդ կեսերը` Գառնիի պատմական երկրաշարժը, որի ժամանակ փլվել է գմբեթը եւ պատերի վերին հատվածները: Վանքի տարածքում առկա են Սուրբ Խաչի եւ Հավերժության նշանով մեծարժեք ու գեղաքանդակ 17 խաչքարեր, որոնք, վերականգման աշխատանքների ավարտից հետո,կտեղադրվեն եկեղեցու բակում, նոր շուք հաղորդելով եկեղեցուն ու նրա տարածքին: Ժողովրդի հոգեւոր գանձերի պահպանման այս ձեռնարկը պատկանում է Ներքին Գետաշենցի մի խումբ բարերարների ու համայնքի բնակչությանը: Շինարարական աշխատանքներում ներդրում կունենա նաեւ համայնքապետարանը: Ներքին գետաշենցիները մեծ ուրախություն են ապրում, որ վերջապես իրենց շատ սիրելի ուխտավայրը կտեսնեն կանգուն ու նորովի: