Տպել
Նորություններ
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
05.06.2014

Գեղարքունիքի մարզում շախմատի ակադեմիայի մասնաճյուղեր են գործում Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքային և Վարդենիկ գյուղական համայնքներում: Այս տարվա սեպտեմբեր ամսից նման մասնաճյուղ կգործի նաև Սարուխան համայնքում: Նախաձեռնությունը պատկանում է շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Մարզպետի խոսքով նոր մասնաճյուղի բացումը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում ավելի խորացված մասնագիտական ուսուցում իրականացնել:
Մասնաճյուղում մարզիչ ընտրելու նպատակով հունիսի 4-ին Սարուխան համայնքի մշակույթի տանն անցկացվեց շախմատի միաժամանակյա խաղ՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի եւ սարուխանցի 15 շախմատիստի միջեւ: Շախմատիստներից ամենակրտսերը 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը` 75: Խաղացողների մեջ միայն Գարիկ Թորոյանին հաջողվեց խաղն ավարտել ոչ-ոքի, իսկ մնացած խաղերում` հաղթանակներ գրանցվեցին շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի օգտին: Հաշվի առնելով խաղի ընթացքում շախմատիստների ցուցաբերած գիտելիքներն ու հմտությունները, շախմատի ակադեմիայի Սարուխանի մասնաճյուղի մարզիչ առաջադրվեց Սարուխան համայնքի N 1 միջնակարգ դպրոցի շախմատի ուսուցիչ Գնել Թորոյանը: