Տպել
Նորություններ
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
26.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 26-ի երեկոյան աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ հանդիպում ունեցավ Հացառատ թաղամասի բնակիչների հետ: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Հանդիպման հիմնական առիթը օրերս հացառատցիների կողմից առաջ քաշված դիմում-խնդրանքն էր ՀՀ կառավարությանը` լուծում տալ թաղամասում առկա մի շարք սոցիալ-տնտեսական հիմնահարցերին: ՀՀ փոխվարչապետը հացառատցիներին խոստացել էր` անձամբ լինել տեղում եւ քննարկել բարձրացված հիմնախնդիրը: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նախ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում եւ ՀՀ սահմանները պաշտպանելիս զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Այնուհետև հացառատցիների անունից տեղի բնակչությանը մտահոգող խնդիրներով հանդես եկավ թաղամասի բնակիչ՝ Դմիտրի Իսպիրյանը: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը բանախոսին եւ հացառատցիներին հիշեցրեց, որ տարիներ առաջ պետական միջոցներով հիմնանորոգվել է Գավառ-Հացառատ-Ծաղկաշեն եւ Գավառ-Հացառատ-Գանձակ-Սարուխան-Լանջաղբյուր-Գեղարքունիք միջհամայնքային նշանակության ճանապարհը, ինչը եւ նշանակում է, որ Հացառատ թաղամասը իշխանությունների կողմից անտեսված չէ:
ՙՄիայն ճանապարհ կամ մանկապարտեզ հիմնանորոգելու համար, սոցիալ-տնտեսական այլ հարցեր կարգավորելու համար համայնքը չի կիսվում, նոր համայնք չի ստեղծվում: Գավառ քաղաքում էլ բոլոր թաղամասերը չէ, որ նորոգ կամ բարեկարգ վիճակում են, այդ թվում եւ այլ հաստատություններն ու ենթակառուցվածքները,բայց դա չի նշանակում, թե ամեն մի թաղամաս պետք է առանձնանալու խնդիր առաջ քաշի: Բացի այդ, դուք կարող եք ձեր հիմնախնդիրներն առաջ քաշել մարզային իշխանության միջոցով ու ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանը՚,-նշեց ՀՀ փոխվարչապետը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ինքը ցանկացած հարց պատրաստ է քննարկել ցանկացած համայնքի բնակչության հետ, համատեղ եւ հնարավորության սահմաններում գտնել դրանց լուծման ուղիները:
ՙՑանկացած բարձրացված հարց պատրաստ եմ լսել ու քննարկել: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ, որին պատրաստ եմ հանդիպել, քննարկել համատեղ առաջարկներ եւ ներկայացնել ՀՀ կառավարության ուշադրությանը՚,-շեշտեց Գեղարքունիքի մարզպետը:
Ապա ՀՀ փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի եւ բազմաթիվ հացառատցիների ուղեկցությամբ քայլեց Հացառատի հիմնանորոգման ենթակա փողոցով, այցելեց թաղամասի գործող, բայց հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ: Այցի ավարտին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ քննարկեց աշխատանքային մի շարք հարցեր: