Տպել
Նորություններ
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ
26.05.2014

,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ , ,,Գեղարեգ,, կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Գավառ քաղաքում և նրա հարակից 11 համայնքներում անցկացրեց շախմատի պատանիների և երիտասարդների տարածքային առաջնություն՝ 11-25 տարեկանների շրջանում: Առաջնությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին` համայնքային փուլի մրցումներին մասնակցեց 269 պատանի շախմատիստ: Այս փուլում հաղթող ճանաչված 38 շախմատիստ մայիսի 26-ին մասնակցեցին մրցաշարի եզրափակիչ փուլին, որի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը այլ պաշտոնյաներ: Եզրափակիչ փուլի հանդիսավոր արարողության ընթացքում նախաձեռնող կազմակերպությունների կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով խրախուսվեցին համայնքային փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած բոլոր մասնակիցները և եզրափակիչ փուլում առաջին 6 տեղերը զբաղեցրած շախմատիստները: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրի հովանավորությամբ եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված 6 մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ամառային հանգիստը կազմակերպել մարզի տարածքում և ,,Պատիվ ունեմ…,, ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում այցելել զորամաս և իրենց շախմատային կարողությունները փորձել զինվորների հետ: Մրցաշարի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար խրախուսվեցին նաև լավագույն մարզիչները և հանրակրթական դպրոցները: Մարզի ղեկավարն իր գոհունակությունն հայտնեց նման նախաձեռնության համար: Նրա խոսքով հենց այստեղից են սկիզբ առնում շախմատային մեծ հաղթանակները: Իսկ այս մրցապայքարում աչքի ընկած շախմատիստները մարզպետի առաջարկով ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել նաև ,,Սևանա Լիճ- 2014թ,, շախմատի միջազգային մրցաշարին: Իր հերթին նախաձեռնությունը կարևորեց նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզը աստիճանաբար ձեռք է բերում շախմատային համբավ: Ուստի հարկավոր է խրախուսել շախմատի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած երեխաներին: Հանդիպման ավարտին գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միաժամանակյա խաղ անցկացրեց մրցաշարի 14 ուժեղագույն շախմատիստների հետ՝ բոլորի նկատմամբ տանելով հաղթանակ: