Տպել
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ 2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
23.05.2014

Այսօր, մայիսի 23-ին մարզի դպրոցներում հնչեց 2013-14 ուսումնական տարվա վերջին զանգը: Այն հիմնականում ուղեկցվեց ,,Վերջին դաս,, արարողությամբ: Մի քանի դպրոցներում անցկացվեցին նաև գրական-երաժշտական ցերեկույթներ, որին մասնակցեցին դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, շրջանավարտների ծնողներ: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն, հնչեցին շրջանավարտների հրաժեշտի ու երախտագիտության խոսքերը հարազատ կրթօջախին, իրենց սիրելի մանկավարժներին, միմյանց: Շրջանավարտներին բարի երթ ու խոստումնալից ապագա մաղթեցին դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Նախորդ` 2012-2013 ուսումնական տարվա համեմատ, այս ուսումնական տարում 47-ով ավելացել է Գեղարքունիքի մարզի շրջանավարտների թիվը: Նախորդ տարվա 2609 շրջանավարտի դիմաց այս ուսումնական տարում դպրոցն ավարտեց 2656 աշակերտ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության տվյալներով մարզային ենթակայության միջնակարգ եւ հիմնական 117 դպրոցներում սովորող շրջանավարտների թիվը այս ուսումնական տարում հասնում է 2006-ի` նախորդ տարվա 2050-ի փոխարեն: Իսկ Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող վեց ավագ, Ծաղկունքի բաց դպրոցները եւ Վարդենիկի կրթահամալիրը միասին 2013-2014 ուսումնական տարում ունեցան 650 շրջանավարտ` նախորդ տարվա 559-ի համեմատ: Մարզի միջնակարգ եւ հիմնական դպրոցներն ավարտածների գրեթե կեսը պատրաստվում են ընդունվել ՀՀ-ում գործող տարբեր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ: Ծաղկունքի բաց դպրոցի 9 աշակերտ ցանկանում է դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել, իսկ նախորդ ուսումնական տարվա շրջանավարտներից բուհ է ընդունվել 5 աշակերտ: Գավառի ավագ դպրոցի 86 շրջանավարտից բուհի ընդունելության հայտ է ներկայացրել 70 աշակերտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավարտական եւ միասնական քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 90 աշակերտ: Մարզում շրջանավարտների թվով աչքի ընկնող Մարտունու ավագ դպրոցի 100 շրջանավարտից բուհի ընդունելության հայտ է ներկայացրել 62-ը` նախորդ տարվա 22-ի դիմաց: 99 շրջանավարտ ունեցող Սեւանի ավագ դպրոցի աշակերտներից միասնական ավարտական քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 87-ը, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2-ով: Ճամբարակի ավագ դպրոցի 93 շրջանավարտներից 40-ը կմասնակցեն միասնական քննություններին: Այս դպրոցից նախորդ տարում տարբեր ուսումնական հաստատություններ ընդունվել է 41 աշակերտ: Վարդենիկի կրթահամալիրը նախորդ տարվա 90-ի դիմաց այս տարի տվեց 88 շրջանավարտ, որոնցից 50-ը պատրաստվում են ստանալ բարձրագույն, իսկ 20-ը` միջին մասնագիտական կրթություն: Վարդենիսի ավագ դպրոցն ավարտեց 95 աշակերտ` նախորդ տարվա 118-ի դիմաց: Շրջանավարտներից 60-ը կշարունակեն ուսումը բուհերում: Նախորդ տարի այս դպրոցից տարբեր ուսումնական հաստատություններ է ընդունվել 113 աշակերտ: Ձորագյուղի ավագ դպրոցն այս տարի տվեց 78 շրջանավարտ, որից 30-ը կմասնակցեն միասնական եւ ավարտական քննություններին: Ձորագյուղի ավագ դպրոցից նախորդ տարի բուհ է ընդունվել 32 աշակերտ: Տարեվերջյան ավարտական միջոցառումները դպրոցներում շարունակվեցին մինչև ժամը 14-ը: Արարողությունների ընթացքը վերահսկելու, տհաճ միջադեպերից զերծ մնալու նպատակով մարզի բոլոր դպրոցներում էին գտնվում Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները: Շրջանավարտներին շնորհավորելու նպատակով մարզի ղեկավարությունը ևս շրջայցերով եղավ մի շարք դպրոցներում: