Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.05.2014

 

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային ենթակայության  հանրակրթական դպրոցների  տնօրենների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան   խորհրդակցություն, որի նպատակը մայիսի 23-ին հանրակրթական դպրոցներում վերջին դասին նվիրված միջոցառումների  պատշաճ մակարդակով  անցկացումն էր:  Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նախ ընթերցեց  Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մայիսի 19-ի արձակած կարգադրությունը՝ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2013-14 ուսումնական տարվա  պարապմունքների ավարտման, սովորողների գիտելիքների ստուգման, փոխադրման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպելու մասին: Համաձայն կարգադրության, միջոցառումները պետք է կազմակերպվեն և անցկացվեն բացառապես դպրոցներում, իսկ դպրոցական էքսկուրսիաները  կամ այլ միջոցառումներ՝ պարտադիր համաձայնեցնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ:   Վարչության պետն այնուհետև    անդրադարձավ դպրոցահասակ երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում դրանց ընդգրկումն ապահովելու, կատարողական կարգապահության և աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման, դպրոցներում ուսումնական որակի բարելավմանը միտված էլեկտրոնային մուտքագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետ առնչվող  խնդիրներին ու անելիքներին: Դպրոցների ֆինանսական շարժի հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ խոսեց մարզպետարանի աշխատակազմի  ֆինանսական և սոցիալ- տնտեսկան զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը:   Իր խոսքում մարզպետը  նախ շնորհավորեց տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, ապա  տնօրեններին   հորդորեց  մայիսի 23-ին  դպրոցներում  ուսումնական տարվա  ավարտական   միջոցառումները կազմակերպել և անցկացնել  սահմանված կանոնակարգով, զերծ մնալով տհաճ միջադեպերից:  Իրավիճակը վերահսկելու նպատակով   այդ  օրը մարզի դպրոցներում կլինեն նաև    Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, հավելեց մարզի ղեկավարը:   Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ նաև դպրոցների գործունեության կազմակերպմանը վերաբերող  մի շարք հարցերի: Նա խոսեց  հաջորդ ուսումնական տարում դպրոց- բանակ,  ծնող-դպրոց կապի  ամրապնդման, մանկավարժական և ծնողական խորհուրդների գործունեության   մասին, հանձնարարեց տնօրեններին առաջարկություն ներկայացնել դպրոցներում  ավարտական վկայականների  տրման  միասնական օր  սահմանելու  և դրանք հանդիսավոր պայմաններում  հանձնելու  նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38