Տպել
Նորություններ
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.05.2014

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն, որի նպատակը մայիսի 23-ին հանրակրթական դպրոցներում վերջին դասին նվիրված միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումն էր: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նախ ընթերցեց Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մայիսի 19-ի արձակած կարգադրությունը՝ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2013-14 ուսումնական տարվա պարապմունքների ավարտման, սովորողների գիտելիքների ստուգման, փոխադրման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպելու մասին: Համաձայն կարգադրության, միջոցառումները պետք է կազմակերպվեն և անցկացվեն բացառապես դպրոցներում, իսկ դպրոցական էքսկուրսիաները կամ այլ միջոցառումներ՝ պարտադիր համաձայնեցնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ: Վարչության պետն այնուհետև անդրադարձավ դպրոցահասակ երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում դրանց ընդգրկումն ապահովելու, կատարողական կարգապահության և աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման, դպրոցներում ուսումնական որակի բարելավմանը միտված էլեկտրոնային մուտքագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետ առնչվող խնդիրներին ու անելիքներին: Դպրոցների ֆինանսական շարժի հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ խոսեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսկան զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Իր խոսքում մարզպետը նախ շնորհավորեց տնօրեններին, մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, ապա տնօրեններին հորդորեց մայիսի 23-ին դպրոցներում ուսումնական տարվա ավարտական միջոցառումները կազմակերպել և անցկացնել սահմանված կանոնակարգով, զերծ մնալով տհաճ միջադեպերից: Իրավիճակը վերահսկելու նպատակով այդ օրը մարզի դպրոցներում կլինեն նաև Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, հավելեց մարզի ղեկավարը: Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ նաև դպրոցների գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի: Նա խոսեց հաջորդ ուսումնական տարում դպրոց- բանակ, ծնող-դպրոց կապի ամրապնդման, մանկավարժական և ծնողական խորհուրդների գործունեության մասին, հանձնարարեց տնօրեններին առաջարկություն ներկայացնել դպրոցներում ավարտական վկայականների տրման միասնական օր սահմանելու և դրանք հանդիսավոր պայմաններում հանձնելու նպատակով: