Տպել
Նորություններ
ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
15.05.2014

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտներում իրականացվելիք ծրագրերի հետ առնչվող հարցեր: Ինչպես և նախապես տեղեկացրել էր Մաթիլդ Լեստրան, Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում մայիսի 15-ին տեղի ունեցավ հանդիպում՝ երկու կողմերի պատասխանատուների ավելի ընդլայնված կազմով եւ հարցերի ընդգրկուն օրակարգով: Քննարկումն անցկացրեց մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախ շոշափվեց 2011-12 թվականներին ստեղծված տուրիստական ինտերնետային պորտալի հետագա գործունեության, պորտալը նոր նյութերով ու տեղեկատվությամբ հարստացնելու խնդիրը: Քննարկվեց նաեւ Գեղարքունիքի մարզի 4 գլխավոր մուտքերի մոտ տուրիստական ցուցատախտակներ կառուցելու եւ տեղադրելու հարցը: Անդրադարձ եղավ մինչ այս հրատարակված մարզի տեղեկատվական գրքույկի վերահրատարակման եւ դրանք նոր նյութերով հարստացնելու խնդիրներին, որոնց շուրջ եւս ձեռք բերվեց համաձայնություն: Քննության առնվեց նաեւ Սեւան քաղաքում գործող տուրիստական գրասենյակին կից շարժական տեղեկատվական գրասենյակ հիմնելու խնդիրը: