Տպել
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
12.05.2014

Մայիսյան եռատոներին ընդառաջ անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի եզրաձակիչ՝ մարզային փուլը, որտեղ առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով սպորտլանդիայի մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին Գավառի թիվ 1 հիմնական եւ թիվ 2 միջնակարգ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ, Սեւանի թիվ 1, Վարդենիկի թիվ 2, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական, Ճամբարակի ավագ եւ Շատվանի միջնակարգ դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը: Յուրաքանչյուր թիմ մրցումներին մասնակցում էր 10 հոգով` 5 տղա եւ 5 աղջիկ: Նրանք իրենց ուժերը չափեցին 6 մարզախաղերում: Մարզային փուլին նախորդել էր սպորտլանդիայի տարածքային փուլը: Ապրիլի 15-20-ին տեղի ունեցած տարածքային փուլին մասնակցել էին 88 դպրոցների թիմեր, որոնցից միայն ութն էին եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք նվաճել: Մարզային փուլում երկրորդ տեղը նվաճեց Սեւանի թիվ 1, երրորդ տեղը` Գավառի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը,որոնք արժանացան մեդալների եւ հավաստագրերի: Եզրափակիչ փուլին ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչը, ով հաղթող 3 թիմերին պարգևատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով: