Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ
06.05.2014

Մայիսի 6-ին աշխատանքային հերթական այցով ճամբարակում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Տեղում մարզպետն ուսումնասիրեց քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում և տեղի հիվանդանոցում իրականացվող շինվերանորոգման աշխատանքների ընթացքը: 2013թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շինարարական շրջանակների ամրացման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, միջհարկային ծածկերի երկաթբետոնյա սալերի տեղադրման աշխատանքներ: Համաձայն Գեղարքունիքի մարզպետի, շինարարական կազմակերպության ղեկավարի և ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության ` վերանորոգման աշխատանքների առաջին փուլը կավարտվի մայիսի 17-ին: Նույն ժամանակահատվածում ՙՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի՚ միջոցներով կշարունակվեն ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները, որը նախատեսում է ներքին հարդարում:
Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց նաեւ Ճամբարակի ավագ դպրոց, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և առկա խնդիրներին, ապա Ճամբարակի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած 29 քաղաքացիներից 27-ին մարզի ղեկավարը հատկացրեց դրամական օգնություն: Տեղում բավարարվեց 1 քաղաքացու դիմումը՝ վարելահող ձեռք բերելու խնդրանքով, իսկ 1 քաղաքացու աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումը հաշվառվեց մարզպետարանի աշխատակազմում:
Ճամբարակի քաղաքապետարանում Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ մարզպետն անցկացրեց խորհրդակցություն: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց համայնքներում աշխատանքային կատարողական կարգապահության, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետ կիրառման, վարչական վերահսկողության ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման, որոշ համայնքներում գազիֆիկացման թերի մնացած աշխատանքների ավարտի, հանրային իրազեկման նպատակով նյութերի հրապարակման, համայնք-դպրոց կապի խորացման, դպրոցականների ,,Վերջին զանգի,, արարողությունը վերահսկելու և ընթացիկ բնույթի այլ խնդիրների կարգավորման մասին: Իրենց հերթին համայնքի ղեկավարները մարզպետին ներկայացրին համայնքային խնդիրներ և հանդես եկան առաջարկություններով: