Տպել
Նորություններ
ԴԱՇՏԱՅԻՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.04.2014

Դպրոցականներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու նպատակով ,, Փոքր Մհեր,, կրթահամալիր,, ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից նախնական զինվորական պատրաստություն առարկայի գծով դաշտային գործնական պարապմունքներ: Որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցներից ընտրված 16 ջոկատներ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, հանրակրթական հաստատությունների զինզեկներ: Անդրանիկ Հակոբյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով նրանց ուժ և կորով, մարզական ու զինվորական հաջողություններ: Նրա կարծիքով այս նախաձեռնությունը Հայոց բանակաշինության գործում կունենա իր ուրույն նշանակությունը և մայիսյան տոներին ընդառաջ ամենամեծ պարգևը կլինի բոլորի համար: Միջոցառումը մեկնարկեց ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի սաների ցուցադրական վարժություններով: Փոքրիկ զինվորականների կամ ապագա սպաների տարաբնույթ գործողությունները մարզի դպրոցականների համար ուսուցողական բնույթ ունեին և միաժամանակ մեծ ոգևորություն առաջացրին նրանց շրջանում: Այն նաև լավագույն առիթ էր՝ ավելի մոտիկից ծանոթանալու ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի կենցաղին ու գործունեությանը:
,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի սաների ելույթներին հաջորդեցին մարզի ջոկատների միջև անցկացվելիք մրցումները: Դպրոցական ջոկատները միմյանց հետ իրենց սպորտային և զինվորական գիտելիքները չափեցին կրթահամալիրի սաների աջակցությամբ, մրցավարոությամբ ու գնահատմամբ՝ այսպիսով խթանելով նաև կրթահամալիրի և հանրակրթական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը: Դպրոցական ջոկատների միջև կայացած մրցումների արդյունքում մրցանակային առաջին տեղի համար նախատեսված գավաթը շահեց Փոքր Մասրիկի, երկրորդ տեղի համար՝ Վահանի, իսկ 3-րդ տեղի համար ՝ Լիճքի միջնակարգ դպրոցը: ,,Փոքր Մհեր,, կրթահամալիրի պատվոգրերով ու շնորհակալագրերով խրախուսվեցին նաև ծրագրի իրականացման ընթացքում աչքի ընկած ակտիվ դպրոցականները: Առաջին տեղը գրաված ջոկատը հունիս ամսին կհրավիրվի Երևան ՝միջմարզային մրցումներին մասնակցելու նպատակով: Իսկ այդ փուլում աչքի ընկած հաղթողը կխրախուսվի Արևմտյան Հայաստանում շրջագայելու ուղեգրով: