Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

28.04.2014

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ապրիլի 28-ին   ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին: Հանդիպման սկզբում ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակաությունը ցանկություն ունի համագործակցել նաեւ մարզերի հետ, եւ այդ շրջանակներում էլ կատարվել է հերթական այցը, որն ավելի շուտ ունի ճանաչողական նշանակություն, բայց պետք է ձեռք բերի նաեւ ավանդական ուղղվածություն: ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ օրվա քննարկման թեմայի առանցքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն են, հետագա համագործակցության հեռանկարները:
,,Թեեւ մենք Հայաստանի հետ չկարողացանք հասնել Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, բայց դա չի նշանակում, որ դադարեցնում ենք մեր հարաբերությունները, ավելին, մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը այն ուղղություններում, որոնք պետք է որոշենք համատեղ քննարկման արդյունքում,, ,-շեշտեց Լորենցը:
Ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալի այցը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց. ,,Իմ կարծիքով, համաեվրոպական համագործակցության հիմնական ուղղվածությունը կայանում է երեք ուղղություներով` ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն, որոնք դրված են Հայաստանի Հանրապետության պետականաշինության հիմքում, եւ մենք բոլոր ուղղություններում առաջ ենք շարժվում: Ինչ վերաբերվում է Արեւելյան գործընկերության ներքո իրականացվելիք բարեփոխումներին, ապա վերջին 3-4 տարիների ընթացքում մենք բավականին առաջընթաց ենք արձանագրել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական մարմինների աշխատանքների թափանցիկության, դատական իշխանության համակարգի անկախացման, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղություններում,,: Մարզպետն այս հարցերից դուրս կարեւոր համարեց նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շփումների անհրաժեշտությունը եւ վիզային ռեժիմի դյուրացման խնդիրները:
 Զրույցի ընթացքում կողմերը  կարծիքներ հնչեցրին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված խնդիրների շուրջ: ,,Դեպի Եվրոպական Միություն ձգտող Թուրքիան ոչ միայն շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, այլ նաեւ իր ժխտողական քաղաքականությունն է փորձում պարտադրել ԵՄ անդամ երկրներին եւ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Ամենակարեւոր արժեքներից մեկն արդի աշխարհում մարդկանց տեղաշարժն ու փոխադարձ շփումներն ապահովելն է, մինչդեռ Թուրքիան ամուր փակել է սահմանը Հայաստանի առջեւ, եւ ոչ մի արձագանք չի հնչում ԵՄ անդամ որեւէ երկրի կողմից: Ավելին, որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, Թուրքիան առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տարբերակը, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է հենց եվրոպական արժեքների հիման վրա:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հիմնադրման օրվանից որդեգրել է ժողովրդավարության եվրոպական ուղին եւ արժեքները, այնտեղ այժմ գործում են ժողովրդավարական պետական ու հանրային բոլոր ինստիտուտները, սակայն նրա միջազգային ճանաչման, անվտանգության ապահովման գործում Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են լուրջ խոչընդոտներ ստեղծել,,- շեշտեց Գեղարքունիքի մարզպետը: Անդրադառնալով մարզպետի հարցադրումներին` ԵՄ ներկայացուցիչը նշեց, որ այսօր ԵՄ-ն ձգտում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը եւ Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների հաշտեցմանը, որը, իհարկե, մեկ օրվա կամ կարճ ժամանակի խնդիր չի: ,,Թեեւ Հայաստանը բոլորիս հասկանալի պատճառներով չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն մենք կարող ենք մեր իրավական հարաբերությունները կարգավորել մեկ այլ փաստաթղթով: Համագործակցությունը չի կարող պայմանավորված լինել միայն Ասոցացման համաձայնագրով, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի  իշխանությունները կշարունակեն համագործակցության քաղաքականությունը, եւ մեր մարզն էլ անմասն չի մնա այդ համագործակցությունից,,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38