Տպել
Նորություններ
ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17.04.2014

Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի մարտի 31-ի որոշմամբ մարզում ստեղծվել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի հանձնարարականից: Մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը ունի կանոնադրություն, որը ստեղծվել է երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրության հիման վրա: Ըստ կանոնադրության՝ խորհուրդը բաղկացած է 46 հոգուց, որի կազմում ներառված են համայնքների ղեկավարների տեղակալներ, երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, առողջապահական, զբաղվածության և մշակութային խնդիրներին տիրապետելու ունակություն ունեցող պետական և մասնավոր կառույցներից ընտրված 16-30 տարեկան անձինք: Խորհրդի անդամները մարզի համայնքներից ընտրվել են հրավիրված ավագանու նիստերի ընթացքում: Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում անցկացրեց մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում հրապարակվեց խորհրդի կազմը: Կանոնադրության համաձայն խորհրդի նախագահը մարզպետն է: Մարզպետի հանձնարարությամբ խորհրդի գործունեությունը համակարգվում է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կողմից: Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամները բաց քվեարկությամբ ընտրեցին խորհրդի քարտուղար: Նիստի ընթացքում խորհրդի նախագահը խոսեց խորհրդի գործունեության նպատակների և խնդիրների մասին: Ըստ զեկուցման խորհրդի նպատակն է համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների հայտնաբերումը և մարզպետին համապատասխան առաջարկություն ներկայացնելը: Խորհրդի անդամներին հանձնարարվեց համատեղ ուժերով կազմել և խորհրդի նախագահի հաստատմանը ներկայացնել տարեկան աշխատանքային ծրագիրը: Վերջինս մարզպետի խոսքով կյանքի կկոչվի պետական աջակցության շնորհիվ: Ըստ կանոնադրության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
Օրակարգային հարցերից զատ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց երիտասարդների կողմից առաջադրված հարցերին: