Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 8-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԹԻՄԸ

03.04.2014

Գավառ քաղաքի ավագ դպրոցում ապրիլի 3-ին կայացավ Գեղարքունիքի մարզի շախմատի համադպրոցական օլիմպիադան, որին մասնակցեցին Գավառ, Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների եւ Վարդենիկ գյուղի կրթահամալիրի թիմը: Օլիմպիադան անցկացվեց շրջանաձեւ կարգով: Օլիմպիադան կազմակերպվում է ՀՀ Շախմատի ակադեմիայի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով, Հայկական բարեգործական ընդհանուր միության  ֆինանսական աջակցությամբ: ՀԲԸՄ ներկայացուցիչ Ինեսա Մարգարյանի տեղեկացմամբ`շախմատի համադպրոցական 8-րդ օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլն անցկացվում է մարտի 25-ից մինչեւ ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ բոլոր մարզերում, Ջավախքում, Արցախում եւ մայրաքաղաք Երեւանում: Կիսաեզրափակիչում հաղթած թիմերը մասնակցելու են հանրապետական եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա այս տարվա մայիս ամսին:
Գեղարքունիքի շախմատի  համադպրոցական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին  ներկա էին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ  Սմբատ Լպուտյանը եւ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀ Գեղարքունիքի մարզի  շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Մրցաշարում , հաղթողի կոչումը նվաճեց Վարդենիկի կրթահամալիրի շախմատի թիմը: Երկրորդ տեղը նվաճեցին Գավառի, երրորդ տեղը` Սեւանի, չորրորդ տեղը` Ճամբարակի եւ վերջին տեղը` Վարդենիսի ավագ դպրոցների դպրոցական տարիքի շախմատիստները: Հաղթող թիմի անդամները, բացի շախմատի համադպրոցական հանրապետական օլիմպիադային մասնակցելու իրավունք նվաճելը, օլիմպիադայի հովանավոր ՀԲԸՄ  կողմից պարգեւատրվեցին պլանշետներով: Օլիմպիադայի մյուս մասնակից թիմերի բոլոր դպրոցական շախմատիստները ՀԲԸՄ կողմից պարգեւատրվեցին նվագարկիչներով: Առաջին երկու տեղեր զբաղեցրած թիմերն արժանացան  ՀՀ Շախմատի ակադեմիայի պատվոգրին: Իր խոսքում Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ դպրոցական այս շախմատիստների մեջ ինքն արդեն տեսնում է այն շնորհալիներին, ովքեր մոտ ապագայում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն միջազգային ամենատարբեր մրցաշարերում:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55