Նորություններ
ՔԱՄԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
01.04.2014

Մարտի 29-30-ի ընթացքում գրանցված ուժեղ քամիները Գեղարքունիքի մարզում զգալի վնաս են պատճառել հատկապես Վարդենիսի տարածքի համայնքներում, որտեղ քամուց տուժել են բնակարաններ և օժանդակ շինություններ: Կարճաղբյուրում Շահվալադ Մանուկյանի բնակարանի մոտ 220 քառակուսի մետր տանիքն ու նրա մեջ եղած իրերը քամին ամբողջությամբ տեղափոխել է հարևան հողամաս: Ըստ Կարճաղբյուրի գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովի նախնական եզրակացության` Մանուկյանների բնակարանի վերականգնման համար պիտանի չեն ոչ փայտյա հեծաններն ու տախտակները, ոչ էլ` ցինկապատ թիթեղները: Նույն գյուղում հողմը վնաս է պատճառել նաեւ մի քանի բնակարանների եւ օժանդակ շինությունների տանիքիների` պոկելով ինչպես շիֆերապատ, այնպես էլ թիթեղապատ ծածկեր: Նույն կարգի վնասներ հողմը պատճառել է Ծովակ, Խաչաղբյուր, Փոքր Մասրիկ, Վանեւան, Այրք համայնքներում` քշելով բնակելի տարածքների կամ օժանդակ շինությունների տանիքների հատվածներ: Այրքում հողմը վնասել է միջնակարգ դպրոցի, Փոքր Մասրիկում` բուժամբուլատորիայի տանիքները: Իսկ Նորակերտ համայնքում Կամո Հովսեփյանի օժանդակ շինության ավելի քան կես տոննա կշռող տանիքը ամբողջովին շարքից դուրս է բերել հարևան Լյովա Նշանյանի բնակարանի վերանորոգված հատվածը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանում և քամուց տուժած համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք տնտեսություններին պատճառված վնասների շուրջ տեղում կատարում են ուսումնասիրություններ և ճշտում վնասների չափերը: