Նորություններ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
11.03.2014

Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների ու աղջիկների շախմատի 2014 թվականի մարզային առաջնությունը նպատակ ուներ նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, կայուն հիմքերի վրա դնել արտադպրոցական և արտադասարանական աշխատանքները: Մարզային առաջնության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Առաջնությունն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մրցավարական հանձնաժողովը:
Առաջնությունը անցկացվեց երկու փուլով: Առաջին` տարածքային փուլը կազմակերպել և անցկացրել էին Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Սևանում, Ճամբարակում և Վարդենիկում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերը, որը տեղի ունեցավ 2014 թվականի փետրվարի 14-28-ը: Տարածքային փուլում ներգրավված էին նաև հարակից համայնքների պատանի շախմատիստները: Ընդհանուր առմամբ տարածքային փուլին մասնակցեցին շուրջ 400 շախմատիստներ:
2014 թվականի մարտի 7-ին Լճաշեն համայնքի մշակույթի պալատում տեղի ունեցավ շախմատի մարզային առաջնության մարզային փուլը: Մարդաշատ էր մշակույթի պալատը: Լճաշենի համայնքապետարանը ստեղծել էր բոլոր նպաստավոր պայմանները` մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Մարզային փուլին, համաձայն մրցումների կանոնակարգի պետք է մասնակցեին տարածքային փուլում մրցանակային տեղեր գրաված պատանի շախմատիստներ հետևյալ համամասնությամբ` մինչև 10 տարեկաններ՝ 3 տղա և 1 աղջիկ, մինչև 12 տարեկաններ՝ 2 տղա և 1 աղջիկ, մինչև 14 տարեկաններ՝ 2 տղա և 1 աղջիկ, մինչև 16 տարեկաններ՝ 1 տղա, մեկ մրցավար և մեկ մարզիչ: Սակայն մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում 21-ի փոխարեն ներկայացվեց 33 հայտ: Լճաշեն համայնքը մրցումներին մասնակցեց առանձին թիմով: Առաջնությունում հաղթողներ ճանաչվեցին` մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում Վարդան Սարգսյանը /Գավառ/, մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում` Հայկ Մելիքյանը /Գավառ/, մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում` Հայրիկ Կոտոլկյանը /Գավառ/, մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում` Գարիկ Թորոյանը /Սարուխան/, մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում` Լիաննա Մարաբյանը /Սևան/, մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում` Լիլիթ Մարաբյանը, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում` Դիանա Բադալյանը /Վարդենիկ/: Մինչև 16 տարեկան աղջիկների մրցապայքարում Արմինե Բալագոզյանը /Գավառ/ և Սյուզաննա Մելքոնյանը /Վարդենիս/ արտամրցութային կարգով անցկացրին մեկ պարտիա, որը ավարտվեց խաղաղ արդյունքով: Առաջնության արդյունքերից ելնելով կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 16-25-ը կմասնակցի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
Մարզային առաջնությունում առաջին տեղ գրաված շախմատիստները պարգևատրվեցին հավաստագրերով, հուշանվեր մեդալներով և գավաթներով, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված շախմատիստները` հավաստագրերով և հուշանվեր մեդալներով: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստներին, ինչպես նաև մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղերի մարզիչներին Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը հանձնեց հուշանվերներ: