Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ՁՄԵՌ - 2014,, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
25.02.2014

Գեղարքունիքի մարզի համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման, ֆիզիկական կուլտուրան մատաղ սերնդի և երիտասարդության համակողմանի ու ներդաշնակ դաստիարակությանը նպատակաուղղելու, ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպ արմատավորելու, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակության գործընթացին նպաստելու նպատակով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ, փետրվար ամսին մարզի համայնքներում ,,Ոչ թմրամոլությանը,, կարգախոսով անցկացվեցին ,,Գեղարքունյաց ձմեռ-2014,, մարզամշակութային մջոցառումներ: Միջոցառումների ծրագրում ընդգրկված էին դահուկավազք, բարձունքի գրավում, մրցումներ սահնակներով, ազգային խաղաձևերից՝ պարանի ձգում, կշռաքարերի բարձրացում, մարզական ցուցադրական ելույթներ, սպորտլանդիա, գեղարվեստական ինքնագործ համույթների և անհատ կատարողների ելույթներ: Բացի համայնքներից, Կարմիրգյուղի թիվ 1, Լանջաղբյուրի, Սարուխանի , Ծովակի, Ծովասարի միջնակարգ դպրոցները ևս իրենց ուժերով կազմակերպեցին ձմեռային մարզաձևերի տոն: Մարդաշատ անցան Ճամբարակում, Լճաշենում, Նորատուսում կազմակերպված միջոցառումները:
Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ,,Վորլդ Վիժըն,, և ,,Գեղարեգ,, հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով Գավառ քաղաքում կազմակերպվեց ձմեռային մարզաձևերի յուրօրինակ տոնահանդես, որի ընթացքում մասնակիցներին ողջունեց <<Դարույնք>> ավանդական ազգագրական պարերի համույթը: Միջոցառմանը մասնակցեցին Գավառ քաղաքի, Հայրավանքի և Լճափի հանրակրթական դպրոցների, Գավառի մարզադպրոցի և ,,Կարիտաս,, հասարակական կազմակերպության թիմերը՝ ավելի քան 400 մասնակցով: Մարզաձևերից բացի անցկացվեց նաև ձյունից պատկերներ պատրաստելու մրցույթ: Մասնակից բոլոր թիմերը կազմակերպիչների կողմից արժանացան շնորհակալագրի, նրանք պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրեցին նաև առանձին մարզաձևերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին ու թիմերին: