Տպել
Նորություններ
ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
01.02.2014

Հունվարի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանական դիվերսիան հետ մղած դասակի հրամանատար Սարգիս Թանանյանը Գեղարքունիքի Մեծ Մասրիկ, իսկ դասակի շարքային Արսեն Հովհաննիսյանը՝ նույն մարզի Ծովակ համայնքից են: Օգտագործելով տղաներին իրենց սխրանքի համար զորամասից տրված արձակուրդի հնարավորությունը, համայնքապետարանները նախաձեռնեցին մեծարման միջոցառումներ: Մեծ Մասրիկի գյուղապետարանում համայնքի ավագանու, աշխատակազմի, համագյուղացիների ներկայությամբ գյուղապետ Արմեն Ասատրյանը պատվոգրով եւ թանկարժեք նվերով պարգեւատրեց ադրբեջանական դիվերսիոն խումբը հետ մղելիս աչքի ընկած դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Թանանյանին: Դրսեւորելով արիություն ու հմուտ մարտավարություն Սարգիսը ոչ միայն կազմակերպել է թշնամու ջախջախումը,այլ նաև փրկել ծառայակիցների կյանքը: Նա անասելի ցավով է խոսում այդ մարտում քաջություն ցուցաբերած Արմեն Հովհաննիսյանի մասին: Սարգիս Թանանյանը հերոսական Գետաշենից բռնագաղթած ծնողների հետ բնակություն է հաստատել Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում: Զինվորական կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ մեկնել զինվորական ծառայության: Հերոսի մայրը՝ Թամարա Թանանյանը հպարտ է իր զավակով և կոչ է անում բոլոր զինվորներին լինել համարձակ, ծառայել ու պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Ծովակի համայնքապետարանում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած հայ հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, մեծարեցին հայրենի հողը պատվով պաշտպանած զինվորին և շնորհակալություն հայտնեցին նրա ծնողներին` հայրենիքին խիզախ որդի ծնելու և դաստիարակելու համար: Ներկաների խոսքով Արսենը շարունակեց Քարվաճառի ազատագրման մարտերում հերոսի մահով ընկած իր հորեղբայր՝ Ռոբերտ Հովհաննիսյանի սխրալի ուղին, արմատներով մշեցի իր քաջ պապերի արյան կանչը կրկին խոսեց նրա մեջ: Արսենի սխրանքով առանձնակի ոգևորություն են ապրում համագյուղացիները, մտերիմներն ու հարազատները: Գործած սխրանքի համար Արսեն Հովհաննիսյանը պարգևատրվեց համայնքապետարանի պատվոգրով եւ թանկարժեք նվերով, բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի, զինվորական կոմիսարի եւ ԵԿՄ վարչության նախագահի պատվոգրերով, որոնք հայրենիքի զինվորին հանձնեցին համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Նրանք եւս իրենց խոսքերում փառաբանեցին Արսենի սխրանքը, շեշտելով, որ հայրենիքը երբեք չի մոռանա իր հերոս զավակներին:
Ի դեպ Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առթիվ տղաները հանրապետության նախագահի կողմից արժանացան ՙԱրիության մեդալի՚, խրախուսվեցին կառավարական այլ պարգևներով, որոնք ավելի են ոգևորում և ուժ տալիս նրանց:
Ի դեպ Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առթիվ տղաները հանրապետության նախագահի կողմից արժանացան ՙԱրիության մեդալի՚, խրախուսվեցին կառավարական այլ պարգևներով, որոնք ավելի են ոգևորում և ուժ տալիս նրանց: