Նորություններ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
31.01.2014

Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Մուշեղյանը վերլուծեց մարզի հանրակրթական հաստատությունների նախորդ տարվա ֆինանսական գործունեությունը և ծանոթացրեց նույն հաստատություններում 2014 թվականին տեղի ունեցող ֆինանսական փոփոխություններին: Ըստ նոր բանաձևի ֆինանսական հաշվարկները կատարելիս հիմք է ընդունվել պետական հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը, կիրառվել են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, կիրառվել են լրացուցիչ գործակիցներ, նկատի ունենալով բարձր լեռնային, լեռնային բնակավայրերը նաև աշակերտների թվաքանակը: Զեկուցողը հրապարակեց Գեղարքունիքի մարզպետի այն հանձնարարությունը, համաձայն որի դպրոցներում ծախսերը կազմակերպել արդյունավետ, ուշադրություն դարձնելով պահպանման ծախսերի վրա և առաջարկվեց ներկայացնել հաշվետվություն:
Ամփոփելով 2013 թվականին հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը առանձնահատուկ անդրադարձ կատարեց դպրոցների կոմպլեկտավորման և աշակերտների շարժի, թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթների անցկացման, մանկավարժական և ուսումնաօժանդակ հաստիքային միավորների վերանայման, հաշվապահական, գործավարության կազմակերպման, դասագրքերի վարձավճարների ամբողջական հավաքագրման ընթացքում տնօրենների կողմից թույլ տրված բացթողումներին:
Խոսելով մարզի հանրակրթական հաստատություններում նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ չնայած մարզի զգալի թվով դպրոցներում առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի դպրոցներ աշխատանքներն իրականացնում են որոշակի բացթողումներով և հորդորեց տարվա ընթացքում ամբողջովին շտկել առկա թերությունները: Ռաֆիկ Գրիգորյանը տնօրենների հետ միասին քննարկեց նաև ուսումնադաստիարակչական բնույթի մի շարք հարցեր:
Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզից դիմորդների նկատելի շարժ դեպի ՀՀ Ագրարային պետական համալսարան, հանդիպմանը հրավիրված էին նաև նշված ԲՈՒՀ-ի ներկայացուցիչները, որոնց հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց ԲՈՒՀ-ի կողմից դիմորդների համար սահմանված արտոնությունները:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ հանդիպման ավարտից անմիջապես հետո դպրոցների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին մարզպետի տեղակալ՝ Անդրանիկ Հակոբյանը և ԿՄՍ վարչության պետ՝ Գարիկ Բադալյանը: