Տպել
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ
27.12.2013

Գավառի մանկատանը տեղի սաների ուժերով ցուցադրված բեմական ներկայացմամբ եւ համերգով մեկնարկեց ամանորյա բազմաբովանդակ միջոցառումների շարքը, որը տեւելու է մինչեւ 2014 թվականի հունվարի 13-ը: Միջոցառումների մեկնարկին մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, պաշտոնական այլ անձինք: Ամանորին նվիրված բեմականացմամբ եւ երգ ու պարով մանկատան սաները ներկաներին գեղագիտական հաճույք ու հուզմունք պատճառեցին՝ ներկաներին հղելով նաև ողջույնի ջերմ խոսքեր: Միջոցառման ավարտին մանկատան սաներին ողջունեց և շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙԹող Ամանորը մանկատուն մտնի առանց դուռը թակելու, թող իրականանան այստեղ գտնվող բոլոր երեխաների երազանքները գալիք տարում այնպես, ինչպես որ դուք էիք մաղթում ու ցանկանում ձեր ներկայացրած բեմականացման մեջ՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Մարզի ղեկավարը ամանորյա նվերներ հանձնեց մանկատան բոլոր սաներին: Նա շնորհավորեց նաեւ մանկատան տնօրինության ու աշխատակիցների Ամանորը, շեշտելով, որ նրանց նվիրվածության ու ջանքերի շնորհիվ է մանկատունը դարձել համերաշխ ու հաճելի ընտանիք:
Իր հերթին Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին` մանկատան սաների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի եւ առանձնապես` մանկատան զբոսայգու կառուցմանը միջոցներ հատկացնելու համար: