Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ

27.12.2013

 

Հարգելի հայրենակիցներ:
Մենք անցնող 2013 թվականը պատմության գիրկն ենք ճանապարհում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի պայմաններում, որոշակի ձեռքբերումներով ու հաջողություններով: Տնտեսական տարին հատկապես ակնառու եղավ գյուղատնտեսության ոլորտում: Մարզի տնտեսություններում գրանցվեց հացահատիկի եւ բանջարբոստանային մշակաբույսերի, անագլխաքանակի եւ   անասնամթերքների արտադրության որոշակի աճ, բոլոր տեսակի գյուղմթերքների իրացման ուղղությամբ ստեղծվեցին բարենպաստ եւ շահավետ պայմաններ, ինչը կայուն հիմք է ստեղծում եկող տարում մարզի գյուղատնտեսության հետագա զարգացման եւ վերելքի համար:
Նկատելի ձեռքբերումներ արձանագրվեցին նաեւ կապիտալ շինարարության ոլորտում: ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մարզում հիմնանորոգվեցին կամ կառուցվեցին դպրոցական եւ նախադպրոցական հաստատությունների եւ բուժամբուլատորիաների շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, խմելու եւ ոռոգման ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, համայնքային նշանակության ճանապարհներ, գազաֆիկացվեցին տարբեր համայնքերի մի շարք թաղամասեր: Պետական օժանդակությամբ հիմնանորոգվեցին   հանրապետական նշանակության ճանապարհներ եւ կամուրջներ:
Հրատապ եւ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը ՀՀ կառավարության կողմից կներդրվեն նաեւ եկող տարվա ընթացքում, որով մեր համայնքներում լուծում կստանան տարիներով կուտակված եւ կենսական նշանակության բազմաբնույթ հիմնահարցեր:
Կառավարության կողմից գործողության մեջ է դրվում ՙՍեւանա լճում էնդեմ ձկնատեսակների վերականգնման եւ վերարտադրության ծրագիրը՚, որի արդյունքում ոչ միայն լուծում կստանա Սեւանի կենդանական ռեսուրսների պահպանման եւ վերարտադրության խնդիրը, այլ նաեւ կբացվեն հազարավոր նոր աշխատատեղեր, զարգացում կապրեն բուսաբուծությունը եւ վերամշակող ձեռնարկությունները:
Հայրենակիցնե’ր.
Ամեն Նոր տարի իր հետ բերում է նոր սպասելիքներ, նոր ձգտումներ ու եռանդ, լավատեսություն եւ բարի կամք, ինչը յուրաքանչյուրիս պետք է մղի հայրենաշինության, հոգեւոր եւ նյութական նոր արժեքների կերտման, համայն հայության իղձերի իրականացման, հզոր, բարեկեցիկ ու ապահով Հայաստանի կերտման:
Այդ ցանկությամբ էլ ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլորիդ Նոր տարին` մաղթելով մեր հողին տեւական խաղաղություն, մեր ժողովրդին` նորանոր պայծառ ու երջանիկ օրեր, բարեկեցություն, սեր եւ միություն: Թող ամեն մի հայ օջախում Նոր տարին ներս մտնի միայն երջանկաբեր ժպիտներով:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
 
 Գեղարքունիքի մարզպետ     Ռաֆիկ Գրիգորյան
 
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57