Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
28.11.2013

Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում: Մարզի ղեկավարը նախ ծանոթացավ ՙՙՀամաշխարհային բանկՙՙ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվող Ճամբարակի առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց տեղի բուժանձնակազմի հետ: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013 թվականին հիվանդանոցում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների մասին, տվեց համապատասխան ցուցումներ առկա թերությունները սեղմ ժամկետում շտկելու ուղղությամբ: Խոսվեց նաև աշխատանքային կարգապահության, բուժանձնակազմին մտահոգող այլ խնդիրների մասին: Բժիշկները հատկապես կարևորեցին բուժհաստատության տեխնիկական վերազինման և բժիշկ մասնագետների պակասը լրացնելու խնդիրները: Մարզպետը նշեց, որ տեխնիկական վերազինումը կիրականացվի շենքի հիմնանորոգման ավարտից հետո, իսկ մասնագետ կադրերի պակասը լրացնելու խնդիրը գտնվում է պետական համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: ճամբարակի քաղաքապետարանում Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմում ներկայացրած 55 քաղաքացիներից 51-ը ստացան դրամական օգնություն, բավարարվեց նաև այլ հարցերով դիմած 4 քաղաքացու դիմում- խնդրանքը:
Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային բնույթի այլ խնդիրների վրա: Կազմակերպչական, աշխատանքային ներքին կարգապահական, կադրային, կանոնավոր ջեռուցում կազմակերպելու և ընթացիկ այլ հարցերի շուրջ քննարկում տեղի ունեցավ մարզպետի և Ճամբարակի տարածքի դպրոցների տնօրենների միջև: Համայնքային և կրթական թեմաներով հրավիրված խորհրդակցությունների ընթացքում մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ: Ռաֆիկ Գրիգորյանը եղավ նաև Ճամբարակի ինտեգրված սոցիալական ծառայության վերանորոգված վարչական շենքում, ծանոթացավ շենքային և աշխատանքային պայմաններին, և հանձնարարեց մեկ պատուհանի սկզբունքով գործընթացը տանել այնպես, որպեսզի տեղում սպառիչ պատասխան տրվի յուրաքանչյուր քաղաքացու դիմումին: Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած աշխատանքային խումբը եղավ նաև Աղբերք համայնքում, ուր և հանդիպում տեղի ունեցավ համայնքի բնակիչների հետ: Վերջիններս ակնկալելով մարզպետի աջակցությունը, ներկայացրին մասնավոր և համայնքային բնույթի խնդիրներ, ուղղված սեփականաշնորհված հողատարածքների օգտագործման, համայնքում հողերի քարտեզագրման, համայնքի գազիֆիկացման աշխատանքները ավարտին հասցնելու ուղղությամբ: Մարզի ղեկավարը բարձրացված խնդիրների կարգավորման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ և խոստացավ միջոցներ գտնել՝ գարնանն Աղբերքում խմելու ջրագծի աշխատանքները ավարտին հասցնելու ուղղությամբ: