Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

07.11.2013

 

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում օրակարգային առաջին հարցի շուրջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Յուրա Մուշեղյանը զեկուցեց, որ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը անցած 10 ամիսների կտրվածքով կազմել է 76,6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում հավաքագրվել է 725 միլիոն դրամ, որը 221 միլիոն դրամով պակաս է պլանավորված գումարից: Սակայն, ըստ զեկուցողի, մարզի վեց համայնքներում` Ծովակում, Ծաղկունքում, Ծովագյուղում, Ներքին Գետաշենում եւ Արտանիշում տեղական բյուջեներն արդեն կատարվել են տարվա կտրվածքով եւ գերակատարմամբ:
Իսկ ընդհանուր առմամբ տեղական բյուջեներում կատարման նման արդյունքների վրա ազդել են Գավառի եւ Ճամբարակի տարածքների համայնքների կատարողական ցածր ցուցանիշները: Նշվեց նաեւ, որ այս տարվա 10 ամիսների դրությամբ մարզի 12 համայնքերում դեռեւս մնում են աշխատավարձերի եւ պարտադիր սոցվճարների պարտքեր, որոնք կազմում են 79 միլիոն դրամ:
Յուրա Մուշեղյանը զեկուցեց նաեւ օրակարգի երկրորդ հարցի շուրջ, որը վերաբերում էր մարզի համայնքների բնակչության թվի վերահաշվարկմանը կամ ճշգրտմանը: Ըստ զեկուցողի` ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության եւ ՀՀ Ոստիկանության պետական ռեգիստրում հաշվառված  բնակչության թվաքանակներում  զգալի տարբերություն է նկատվել,  ինչն  էապես որոշ համայնքներում կրճատել է   կառավարության կողմից տրամադրվող համահարթեցման դոտացիաների չափը: Զեկուցողն առաջարկեց համայնքի ղեկավարներին եւ ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունքների վարիչներին` կարճ ժամկետում կատարել վերահաշվառում եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնել կառավարություն:
Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր մարզի համայնքերում մարզպետարանի կողմից կատարված վարչական վերահսկողության արդյունքների քննարկմանը: Հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Իվան Ասատրյանը: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում  մարզպետարանի կողմից վարչական վերահսկողություն է իրականացվել  19 համայնքներում, որոնց արդյունքները քննարկվել են մարզպետի մոտ, արձանագրված թերությունների ու բացթողումների շտկման ուղղությամբ տրվել համապատասխան հանձնարարականներ:
Հայտարարություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը: Արված հայտարարությունները վերաբերում էին մարզի համայնքերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հիմնովին անցման, մարզի համայնքերի հատակագծերի կազմման, քաղաքաշինական մի շարք խնդիրների կարգավորման, գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված դիզվառելիքի եւ պարարտանյութերի հատկացման, հողի վարձակալության տրամադրման հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի աշխատանքները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց մարզպետարանում հրավիրել խորհրդակցություն այն համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որոնցում   ցածր են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները և առկա են աշխատավարձերի պարտքեր: Աշխատանքներ տանել այնպես, որպեսզի  մինչեւ դեկտեմբերի 1-ը տեղական բյուջեների կատարման ցուցանիշը հասնի  100 տոկոսի, սեղմ ժամկետում   համագործակցված աշխատանքով ճշգրտել մարզի բնակչության թվաքանակը, որպեսզի համահարթեցման դոտացիաները համայնքերին տրամադրվեն բնակչության թվաքանակին համապատասխան չափով: Նա նաեւ հրահանգեց մարզխորհրդի անդամներին` մինչեւ տարեվերջ աշխատել արդյունավետ ու հետեւողական, վերացնել վարչական վերահսկողության արդյունքում արձանագրված թերությունները եւ բացթողումները  եւ տնտեսական տարին փակել դրական արդյունքներով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36