Տպել
Նորություններ
ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԼԵՌՆԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
29.10.2013

Այս տարվա հոկտեմբեր ամսից Մարտունու տարածքի Գեղհովիտ գյուղի Լեռնակերտ թաղամասում մեկնարկեցին ներհամայնքային նշանակության ճանապարհի նորոգման աշխատանքները: Այն ընդգրկում է մոտ 900 գծամետր տարածք: Հիմնականում կատարվում են հողային պաստառով հարթեցման աշխատանքներ: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող ,,Գոզե,, ՍՊԸ տնօրենի հավաստմամբ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, առանց խոչնդոտների: Ընդառաջելով լեռնակերտցի բնակիչների խնդրանքին և հաշվի առնելով նշված համայնքում հատկապես ձմռան ամիսներին կանոնավոր ու անցանելի ճանապարհ ունենալու հանգամանքը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հիմնախնդիրը ներառեց մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրում: Համայնքի բնակիչները այս ծրագրի իրականացումը համարում են արտագաղթը կանխելու կարևորագույն նախապայմաններից մեկը, մեկընդմիշտ լուծված տեսնելով ձմռանը մոտ 7 ամիս տևողությամբ փակ ճանապարհի խնդիրը: Լեռնակերտի ճանապարհի համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 14 մլն դրամ: Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 90 տոկոսը և ակնկալվում է մինչև տարեվերջ այն ամբողջությամբ հասցնել ավարտին: