Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
21.09.2013

Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան 5 քաղաքային և մի շարք գյուղական խոշոր համայնքներում: Միջոցառումները բոլոր համայնքներում սկսվեցին ծաղկեդրման արարողությամբ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները և անհատ քաղաքացիները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շիրիմների առջև: Այնուհետև տեղերում կազմակերպվեցին շնորհալի երեխաների ստեղծագործությունների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, տեղի ինքնագործ խմբերի ուժերով` տոնական համերգներ:
Տոնակատարության շրջանակներում Մարտունի քաղաքի մշակույթի պալատում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ` նվիրված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձին, ապա մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնություն, որին Գեղարքունիքի մարզի թիմերի հետ մեկտեղ մասնակցում էին նաև Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Արցախի պատանի բռնցքամարտիկները:
Վարդենիս քաղաքում տոնի առթիվ անցկացվեց զինվորական շքերթ` ՀՀ բանակային 4-րդ կորպուսի զորամասի ուժերով: Վարդենիսի քաղաքապետարանը դրամական պարգևներ հանձնեց Արցախյան և Աֆխանական պատերազմներում զոհված 36 ազատամարտիկների ընտանիքներին և Մեծ Հայրենականի ու Արցախյան ազատամարտի 14 մասնակիցների, նրանց պատվին տրվեց ճաշկերույթ:
Սևան քաղաքում ԵԿՄ 26 անդամներ պարգևատրվեցին ԵԿՄ հիմնադրման 20 ամյակի մեդալներով, Իսկ Լճաշեն համայնքում կազմակերպվեց զինվորական շքերթ:
Ճամբարակ քաղաքում սեպտեմբերի 21-ը նշանավորվեց քաղաքի վերակառուցված զբոսայգու բացմամբ, որտեղ և անցկացվեցին տոնական միջոցառումները:
Գավառ քաղաքի մանկատան զբոսայգում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացած միջոցառումն ուղեկցվեց երաժշտական և պարային կատարումներով, մարզական ցուցադրական խաղերով, որտեղ հաղթողները խրախուսվեցին քաղաքապետարանի կողմից սահմանված պարգևներով: Տոնական միջոցառման ավարտին Գավառի մշակույթի պալատում բարեգործական ներկայացմամբ հանդես եկավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը:
Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների բազմաթիվ բնակիչներ, նախկին ազատամարտիկներ ինքնաբուխ այցելեցին եռաբլուր և ծաղկեդրումով հարգեցին Հայաստանի անկախությունը պաշտպանած մարտիկների հիշատակը: