Նորություններ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
15.08.2013

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքին ծանոթացավ Լճաշենի դաշտերում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գյուղնախարարության և մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ: Լճաշենում ,,Ռանչպար,, գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունը զբաղվում է սերմնաբուծության զարգացմամբ: Ցանված 33 հեկտար ցորենի ցանքատարածություններից ակնկալվում է մինչև 60 ցենտներ բերք : Տնտեսության ղեկավար Օնիկ Սարգսյանը համարում է, որ ցորենի որոշ տեսակներ կարող են հաջող քննություն բռնել մարզի տարածքում:
-Մեր կանխատեսումներով 40-60 ցենտներ հացահատիկի բերք ենք ստանալու, լրագրողներին տված հարցազրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, հույս հայտնելով, որ պետության կողմից գյուղացիական տնտեսությունների հանդեպ ցուցաբերած ուշադրությունը տարեցտարի կրճատում է գյուղացու հոգսն ու խնդիրը: Մարզի ղեկավարի և նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում բնակիչները առատ բերքատվությունը պայմանավորեցին բարենպաստ եղանակով, որակյալ սերմացուով և ցանքատարածությունների ժամանակին պարարատացմամբ: Սերգո Կարապետյանը Չկալովկա համայնքում ծանոթացավ գյուղնախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից այս տարի ավարտին հասցրած ,, Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման,, ծրագրին: Վերջինիս իրագործմամբ Չկալովկայում ակնկալվում է անասնապահության զարգացում և արոտավայրերի արդյունավետ կառավարում և օգտագործում: Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ այն ունենալու է շարունակություն, որը նպատակաուղղվելու է նաև համայնքներում կաթ արտադրողների և վերամշակողների միջև քաղաքակիրթ պայմանագրային հարաբերությունների ձևավորմանը:
-Մենք մտածելու ենք կաթի և մսի վերամշակման արտադրամասերի հիմնման մասին: Բոլոր մարզերում լինելու են նման արտադրամասեր և հասնելու ենք այն բանին, որ մեր արտադրանքը նաև արտահանենք,- իր խոսքում նշեց գյուղատնտեսության նախարարը: Հանդիպումների ընթացքում Սերգո Կարապետյանը գյուղացիներին խորհուրդ տվեց ձեռք բերել հանրապետություն ներկրված՝ մատչելի գներով վաճառվող գյուղտեխնիկա և գյուղգործիքներ, նաև հավաստիացրեց, որ առաջիկա երեք տարիներին հնարավոր կլինի ամբողջովին թարմացնել հացահատիկահավաք կոմբայնների պարկը: Աշխատանքային այցը նախարարը ամփոփեց մարզպետարանում՝ համայնքների ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտի մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: