Նորություններ
ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՇԵՑ ԻՐ 185 ԱՄՅԱԿԸ
09.08.2013

Լճաշեն համայնքն օգոստոսի 8-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 185 ամյակը: Հոբելյանական տոնակատարությունը համախմբել էր հեռու մոտիկ լճաշենցիներին, որոնք համայնքի ավագանու և ղեկավարի հետ միասնաբար կարողացել են օգտակար լինել իրենց համայնքին: Հոբելյանական տարեդարձը արժևորվեց համայնքում կարևոր նշանակություն ունեցող կառույցների բացմամբ, մեկընդմիշտ լուծելով Լճաշենում հոգևոր և մշակութային նշանակություն ունեցող խնդիրը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և անձամբ իր անունից լճաշենցիներին շնորհավորեց նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, նշելով, որ մեծ է տարբերությունը Լճաշենի այսօրվա ու երեկվա միջև: Այն շենանում է և նկատելի են դրական տեղաշարժերը և գյուղատնտեսության և սոցիալ-տնտեսական և կրթամշակութային ոլորտներում: Մարզպետի տեղակալի կարծիքով նման արդյունք ունենալը խոսում է նաև համայնքի ղեկավարի և բնակչության միասնականության մասին և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նմանատիպ համայնքների թիվը մարզում օր օրի ավելանա: Տոնակատարության ընթացքում Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց նոր կառուցվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցու աշխատանքները իրականացվում են լճաշենցիների ներդրումների հաշվին: Իսկ վերակառուցված մշակույթի տան և ժամանակակից կահավորանքով հարմարավետ զբոսայգու աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի, Լճաշեն համայնքի և ԱՄՆ ՄԶԳ ,,Քաունթեր Փարթ Ինթերնեյշնլ,, կազմակերպության համատեղ ուժերով: Լճաշենը որպես հին բնակավայր սկզբնավորվել է մթա 4-րդ հազարամյակի վերջին: 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում այն վերածվել է ամրոցի, որի մնացորդները այժմ էլ պահպանվում են գյուղի շրջակայքում: Լճաշենին համաշխարհային ճանաչում են բերել բրոնզեդարյա մշակույթի հուշարձանները: Գյուղի հարավ-արևելյան կողմում գտնվում է մեծ դամբարանադաշտը, որն ընդգրկում է մոտ 800 դամբարան: Լճաշենի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումը՝ Արգիշտի Առաջինի նվաճումները հավերժացնող 9 տողանի արձանագրությունն է, որը մինչ օրս խնամքով պահպանվում է համայնքում և գրավում բազմաթիվ այցելուների ուշադրությունը: Հաղթահարելով անկախության տարիների դժվարությունները Լճաշենն այսօր համընթաց քայլերով առաջ է շարժվում: Գյուղում գործում են արտադրական ձեռնարկություններ, գյուղն ունի միջնակարգ դպրոց, մսուր- մանկապարտեզ, բուժամբուլատորիա, լուծված են խմելու և ոռոգման ջրի, համայնքի լուսավորության, ներհամայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման խնդիրները, ամբողջովին գազիֆիկացված է, ապահովված հեռախոսակապով: Լճաշեն համայքի 185-ամյակին նվիրված տոնակատարությունը եզրափակվեց սիրված և ճանաչված երգիչ, երգչուհիների և պարային խմբերի կատարումներով, իսկ երեկոյան տրվեց հրավառություն: