Տպել
Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ԳԱՐՈՒ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
09.08.2013

Օգոստոսի ամսից Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում հացհունձը սկսվել է գարու արտերից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գարու բերքն առատ է: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ մարզում գարու 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 29, 5 ցենտներ: Մասնագետների հաշվարկներով գրանցված արդյունքը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 3 անգամ: Գավառի տարածքի բնակիչները այս տարվա գարուց ստացված բերքն համարում են աննախադեպ արդյունք: Գարու առատ բերքատվությունը մարզի բնակիչները կապում են նաև բնակլիմայական բարենպաստ պայմանների, կառավարության կողմից սուբսիդավորված որակյալ սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման հետ: Գեղարքունիքի մարզում հացահատիկի ցանքատարածությունները զբաղեցնում են մոտ 42 հազար հեկտար և ըստ կանխատեսումների, այդ ցանքատարածություններից ակնկալվում է հավաքել մինչեւ 120 հազար տոննա բերք, որը կարող է ռեկորդային լինել: Մարզում հացահատիկահավաք կոմբայնները ևս բավարար են` բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելու համար: Գյուղացիական տնտեսությունները հույս ունեն, որ այս տարի կկարողանան ստացված հացահատիկը իրացնել շահավետ գներով: Հուլիսի 15-ի դրությամբ մարզում ավարտվել է հունձը բազմամյա խոտաբույսերի կերհանդակներում: 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա: Իսկ բնական խոտհարքերում հունձը սկսվել է հուլիսի 2-րդ կեսին և ընթանում է արագ թափով: Այստեղ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 2-2,5 տոննա: