Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ 100-ԱՄՅԱ ԾԱՂԻԿ ՏԱՏԻՆ
23.07.2013

100-ամյակը բոլորած Ծաղիկ տատին ծննդյան տարեդարձի առթիվ հուլիսի 22-ին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և նրան արժանացրեց դրամական խրախուսանքի: Շնորհավորելով Ծաղիկին մեկդարյա հոբելյանը բոլորելու առթիվ` Գեղարքունիքի մարզպետը սրտաբաց ու մտերմիկ զրույցի բռնվեց հոբելյարի, նրա որդու, հարսի և թոռների հետ: Նա հետաքրքրվեց Ծաղիկ տատիկի անցյալով, ընտանիքով, զավակներով, առօրյա հոգսերով: Ծաղիկ տատը վարժ հիշողությամբ պատասխանում էր մարզի ղեկավարին հետաքրքրող հարցերին, շտապում հայ տանտիրուհուն բնորոշ հոգատարությամբ հյուրասիրել նրան: Ծաղիկ Սաֆարյանը ծնունդով Արծվանիստից է, ամուսնացել է վարդենիսցի Միրզո Սաֆարյանի հետ ու մինչ օրս բնակվում է Վարդենիս քաղաքում: Մեծ հայրենականի տարիներին Ծաղիկ տատն էլ շատերի պես ամուսնուն ճանապարհել է ռազմաճակատ և երկար սպասելուց հետո հասկացել, որ այլևս չի դիմավորելու զավակների հորը և պետք է իր մեջ ուժ գտնի ընտանիքի առջև ծառացած դժվարագույն հոգսերն ու խնդիրները միայնակ հոգալու: Ծաղիկ տատը ունեցել է 1 տղա և 2 աղջիկ: Հողագործությամբ, անասնապահությամբ և կոլտնտեսության դաշտերում աշխատելով` Ծաղիկը կարողացել է մեծացնել ու կյանք ճանապարհել իր զավակներին: Այժմ բնակվում է միակ որդու՝ Թորգոմի, հարսի, թոռների և ծոռների հետ : Ունի 11 թոռ և 4 ծոռ, ովքեր մեծ հոգատարություն ու խնամք են տածում տատի հանդեպ:
Ծաղիկ Սաֆարյանը այս տարի նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում անունից ևս Ռաֆիկ Գրիգորյանը հոբելյարին փոխանցեց ջերմ շնորհավորանքներ: Մարզպետը միաժամանակ խոստացավ Ծաղիկի ընտանիքին աջակցել այլ հարցերում, մասնավորապես` կառավարության սուբսիդավորմամբ տրամադրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուների ձեռք բերման հարցում:
Օրվա երկրորդ կեսին Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային այց կատարեց Ակունք և Ծովակ համայնքներ, ակունքցիների հետ քննարկեց նրանց հուզող որոշ խնդիրներ, իսկ Ծովակում ծանոթացավ համայնքի մանկապարտեզի և դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքներին: