Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
18.07.2013

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին մարզպետարանում ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետութան արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում դեսպանը խոսեց ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության մասին: Նա նշեց, որ ինքը տպավորված է 7-ամյա պատմություն ունեցող համագործակցությամբ, որի ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել հատկապես տուրիզմի, առողջապահության եւ ֆրանսերեն լեզվի ուսուցման բնագավառներում: Անրի Ռենոյի խոսքով իր այցը համընկնում է այս աշնանը Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի նախապատրաստման հետ և հույս հայտնեց, որ այդ համաժողովի ընթացքում վերաստորագրված համագործակցությունը առաջիկա 3 տարիների ընթացքում ևս կարժևորվի մարզում նորանոր ծրագրերի իրականացմամբ և կողմերի միջև ստեղծված բարեկամության խորացմամբ:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար եւ նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է էլ ավելի խորացնել ու զարգացնել ստեղծված կապերը Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հետ:
Նույն օրը դեսպան Անրի Ռենոն Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ Գավառի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներին մասնակցող դպրոցականներին , ապա եղավ Գավառի մանկատանը եւ մանկատան զբոսայգում, որի կառուցապատման մեջ ներդրում է ունեցել նաեւ Ֆրանսիայի Սեպտեմ լե Վալլոն քաղաքի քաղաքապետարանը: